Search
Close this search box.

Քարը քարին չենք թողնելու, ասել է Սերժ Սարգսյանը

Հրապարակը գրում է. «Կիրակի օրը մոտ 4 ժամ տեւած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը մանրամասն ծրագրային ելույթ է ունեցել, որի հիմնական թեզը՝ ընդդիմություն դառնալու մասով, հետեւյալն է եղել․ իրենք կեղծ ընդդիմությունից տարբերվելու են նրանով, որ իշխանությունների ցանկացած ասածին չեն հակադրվելու․ «Եթե երկրի շահի տեսանկյունից իշխանությունը քայլ է անում, միանշանակորեն պաշտպանվելու է մեր կողմից, եթե՝ ոչ, քարը քարին չի թողնվելու»։ «Քարը քարին»-ը հիմնականում առնչվել է ղարաբաղյան խնդրին։ «Էստեղ մենք լինելու ենք անզիջում, պայքարելու ենք մինչեւ վերջ»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։

«Ինչի արտացոլումը Դավիթ Շահնազարյանի ներկայությունն է մեր ցուցակում․ հիշենք, որ նա եղել է ղարաբաղյան հարցով հատուկ դեսպան»,- ասաց մեր աղբյուրը։ Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում է լինելու։ Երեկվա դրությամբ եւս դեռ բաց էր առաջին կին թեկնածուի հարցը․ Արփինե Հովհաննիսյանը բոլոր դեպքերում պնդել է, որ պատրաստ չէ ռեյտինգային կարգով առաջադրվելու, ցուցակը ղեկավարող Վիգեն Սարգսյանը վերջինիս առաջարկել է կարգը չխախտել, առաջադրվել, սակայն ընտրարշավի ժամանակ ասել, որ շատ զբաղված է շտաբային աշխատանքներով եւ նպատակահարմար է համարում, որ իր ընտրողներն իրենց ձայնը տան Երեւանի կենտրոնում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային մյուս թեկնածուին։ Ի դեպ, նույն պատճառով համամասնական ցուցակում չի լինի նաեւ Դավիթ Հարությունյանը․ նա կղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը։ Երեւանի շտաբը կղեկավարի Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին»։