Search
Close this search box.

ՀՀԿ փորձը քառօրյա պատերազմի օրինակով. հեղափոխության բացահայտումը

Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, թե ինքն է լինելու երկրորդ ուժը նոր խորհրդարանում: Նաեւ բացատրում են, թե ինչու է դա լինելու այդպես, որ «արժանիքի» համար: Ներկայացվող հիմնավորումները կամ բացատրությունները անշուշտ ունեն քննարկման կարիք: Կամ, գուցե այդտեղ քննարկման կարիք էլ չկա՝ ՀՀԿ-ն ներկայում չունի «արժանիքի» մասին խոսելու որեւէ հիմք: Այն, թե փորձառու ուժ է, ամենեւին «արժանիք» չէ: Ի վերջո, այդ փորձը ձեռք բերելու ընթացքում պետությունն ու հանրությունը ոչ թե զուգահեռ ձեռք են բերել որեւէ բան, այլ կորցրել են գրեթե ամեն ինչ, այդ թվում ինքնիշխանության ու անվտանգության մասով, եւ վերջին թելը պահվել է 2016 թվականի ապրիլին, կանխելով անխուսափելի աղետը:

Ընդ որում, դա էլ պահվել է ոչ թե ՀՀԿ ջանքով, այլ ի հեճուկս ՀՀԿ-ի: Փոխարենը, այդ սպանալիքը հասունացել էր ՀՀԿ որակի եւ բնույթի, ու դրանով պետության կառավարման հետեւանքով: Կասկած չկա, որ 2016 թվականի ապրիլն էլ համալրել է ՀՀԿ փորձառությունը, բայց նաեւ ակնառու օրինակ է, թե ՀՀԿ փորձառությունը, որ այժմ ներկայացվում է արժանիք, ինչ գնով է ձեռք բերվել:

Փոխարենը, փորձ ձեռք բերելու ընթացքում բավական անձնական ու խմբային ձեռքբերումներ է արձանագրել ՀՀԿ-ն, իր տարբեր թեւերի եւ անդամների կենսամակարդակի առումով:

Դա է 2 տասնամյակ ՀՀԿ կառավարման այսպես ասած արդյունքի հարաբերակցությունը կամ հարաբերական արդյունքը:

Մյուս կողմից, դրանով հանդերձ կա մի հետաքրքիր հանգամանք. ՀՀԿ-ն գոնե այժմ արդեն երկրորդն է, համենայն դեպս հանրության ուշադրության առումով: Նիկոլ Փաշինյանից հետո ՀՀԿ-ն երկրորդ ուժն է հասարակական ուշադրության առումով: Իհարկե այլ հարց է, որ այդ ուշադրության բովանդակությունը համեմատելի չէ: Փաշինյանը ուշադրության կենտրոնում է առավելապես դրական շեշտադրումներով, իսկ ՀՀԿ-ն՝ գերազանցապես բացասական: Անգամ ՀՀԿ-ից ավելի քիչ ուշադրության արժանացող ուժերն են ավելի շատ դրական արձագանքի արժանանում, քան ՀՀԿ-ն:

Բայց, փաստ է, որ թավշյա հեղափոխությունից կես տարի անց՝ խորհրդարանի արտահերթ ընտրության շեմին հանրային ուշադրության չափաբաժնով ՀՀԿ-ն երկրորդն է: Իհարկե դա ՀՀԿ ձեռքբերումը չէ, այլ այն, որ թավշյա հեղափոխությունից վեց ամիս անց ստեղծված «ստեղծագործական ազատության» միջավայրում մյուս ուժերը չեն դրսեւորվել այնպես ու այնքան, որ ուշադրության առումով գերազանցեին ՀՀԿ-ին:

Այդ հանգամանքը անշուշտ հարաբերականության դաշտում է, ինչպես օրինակ «վատ լուրի բացակայությունն արդեն լավ լուր» է հայտնի տրամաբանությունը. եթե մյուս ուժերը աչքի չեն ընկել իրենց հանդեպ ուշադրության բացասական հարուցիչներով, ուրեմն դա արդեն լավ է:

Մյուս կողմից, սակայն, եթե ՀՀԿ-ն թեկուզ բացասականությամբ ուշադրության առումով երկրորդն է, դա նշանակում է, որ թավշյա հեղափոխությունից վեց ամիս անց կա խնդիր, կամ նշմարվում է խնդիր՝ կապված հանրային ուշադրության արժանի քաղաքական բովանդակություն ստեղծելու, գոնե ցրցամ տալու մասով:

Ընդ որում, այստեղ ուշադրության է արժանի այն, որ հիմնական «դիսկուրսը» ծավալվում է երկու դաշտում՝ կամ հեղափոխությանն «այլընտրանքի», կամ հեղափոխության «պաշտպանի»: Իսկ այդտեղ գոնե ուշադրության արժանանալու մասով միշտ հաղթում է երրորդը՝ հեղափոխության «հակառակորդը», եթե անգամ պարտվի ընտրությունը:

Իրավիճակը բացահայտում է հայաստանյան քաղաքական «համակարգում» առկա «ստեղծագործականության» վակուումը: Առաջացել է ազատություն, բայց պարզվում է, որ չկար դրան անհամբեր սպասող որեւէ առարկայական գաղափար, որը չունի կախվածություն հեղափոխությունից կամ «հակահեղափոխությունից»,-գրում է lragir կայքը: