Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը կթողնի Բաղրամյան 26-ը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշման նախագծերը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ օրենքներում սահմանված կարգավորումների համաձայն՝ Հանրապետության նախագահը վերոնշյալ լիազորություններն իրականացնում է միջնորդավորված՝ վարչապետի կամ օրենքով լիազորված այլ մարմինների առաջարկությունների կամ միջնորդությունների հիման վրա և նշված հարցերի լուծման շրջանակներում սեփական նախաձեռնություն դրսևորելու հնարավորություն չունի:

Օրինագծերով, մասնավորապես, սահմանվել է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում բարձրագույն դասային աստիճանները Հանրապետության նախագահը շնորհում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ, նախատեսվել է դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց՝ արտաքին գործերի նախարարությունից ոչ միայն պետական կառավարման համակարգի մարմիններ, այլ նաև արտաքին կապերի բնագավառում առանձին լիազորություններ ունեցող Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի աշխատակազմեր գործուղելը, սահմանվել է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերի լուծման կապակցությամբ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները նաև Հանրապետության նախագահին ներկայացնելու հնարավորությունը, նախատեսվել է, որ Հանրապետության նախագահը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ կարող է շնորհել նաև սեփական նախաձեռնությամբ, սահմանվել է, որ ներման խնդրագրերը կարող են անմիջականորեն ներկայացվել նաև Հանրապետության նախագահին:

«Ներկայացված օրինագծերով՝ Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե»,-ասաց Արտակ Զեյնալյանը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ բազմիցս խոսել են այն մասին, որ անհրաժեշտ է ընդլայնել նախագահի լիազորությունները, և նախագծերի փոփոխությունը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ:

«Կա տեսակետ, որ մասնավորապես ներման դեպքում կարող է սահմանադրականության խնդիր լինել, և լիազորություններն ավելին են, քան Սահմանադրությունն է թույլ տալիս»,- ասաց նա, իսկ Արտակ Զեյնալյանը արձագանքեց, որ Սահմանադրությունը նվազագույն շեմն է սահմանել, և օրենքով դա կարող է ընդլայնվել: Նա խնդրեց մեկ օր ժամանակ տրամադրել արդարադատության նախարարությանը, որ նախագահը ներում շնորհի ոչ միայն պատիժ ստացած անձի դիմումի հիման վրա, այլ նաև երրորդ անձանց դիմումների հիման վրա. նման իրավիճակներ կարող են լինել, օրինակ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ սա բացառիկ լիազորություն պետք է լինի բացառիկ դեպքերի համար: Նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը նշեց, որ իրենք առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասը չէր ընդունվել:

Ֆելիքս Ցոլակյանը հարցրեց, թե ինչպես է կարգավորվելու արարողակարգը, քանի որ կառավարության շենքը հարմարացված չէ հյուրերի արարողակարգն ապահովելու համար, և պատասխան ստացավ, որ կարող է դա կազմակերպվել օդանավակայանում. նախագիծն այդ լուծումները չի տալիս, և կարող են կարգավորվել ենթաօրենսդրական կարգով:

Արարատ Միրզոյանը նկատեց, որ նախագիծը նախագահի աշխատակազմի սրտով չէ, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախագիծը բավարար չափով քննարկված չէ, և այն կոմիտեի նիստում պետք է քննարկել:

Այսպիսով, որոշում կայացվեց առանձնացնել նախագծերը և Ազգային ժողով ուղարկել միայն նախագահի և վարչապետի նստավայրերի հետ կապված կարգավորումը, իսկ մյուս փոփոխությունները դեռ քննարկել: