Search
Close this search box.

Վթարից տուժած զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ–ն կրել է մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ վթարի արդյունքում մահացել է 4 ժամկետային զինծառայող: Մեքենայում գտնվել են 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ։

Թե որն է վթարի պատճառը, Հովհաննիսյանի խոսքով, առայժմ հայտնի չէ:

«Դեռ որևէ հիմնական պատճառ չգիտենք: Չենք կարող ասել՝ մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական: Տեղի կունենա քննություն, և վստա՛հ եղեք, որ եթե կան մեղավորներ, ապա անպայման խստորեն կպատժվեն: ՀՀ ԶՈւ–ն իրականացնում է ինտենսիվ մարտական պատրաստություն և զորավարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: Իսկ նման դեպքերում, ցավոք, երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից: Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար»,- գրել է ՊՆ խոսնակը:

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ վթարը տեղի է ունեցել ժամը 13։00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: