Search
Close this search box.

Ինչու՞ առանց Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ լինո՞ւմ է. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը տոկոս ստանալու համար «դոշ չի ծեծելու». այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով խորհրդարանական առաջիկա ընտրությունների մասին:

Նա նշեց, որ կուսակցության ցուցակը գլխավորելու է ինքը, բայց չի առաջադրվելու ռեյտինգայինով: Իսկ թե ովքե՞ր են լինելու հաջորդ համարները, նա ասաց. «Երբ որ ցուցակը կկազմեմ, արդեն բան չի մնացել, դուք տեղյակ կլինեք»:

Վերջինս հավաստիացրեց, որ ինքը «տոկոս ստանալու համար դոշ չի ծեծելու», ներկայացնելու է իր ծրագիրը:

«Վստահում եք, ինչքան եք վստահում ինձ, այնդքան էլ կարող եմ անել: Ինչքանով կվստահեք դա է: Ես ոչ դրանով ճանաչում եմ ձեռքբերելու, ոչ էլ ինչ-որ բանի տեր եմ դառնալու: Հարյուր անգամ ասել եմ՝ մարդը կայացած, ճանաչված մարդ է, ուզում է լավ բան անի, հնարավորություններն օգտագործի ի օգուտ իր երկրի: Միայն դա է ճանապարհը»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է որ ԲՀԿ-ին այլ ուժեր միանան, ներկայանաք դաշինքով, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Մենք դեռ քննարկում ենք: Պետք է նայենք՝ դաշինքը մեզ ի՞նչ է տալու: Այսօր բոլորը կուսակցություններ ունեն, սպասելիքները, ամբիցիաները այնքան մեծ են, որ ում հետ խոսում ես՝ 15-20 տոկոս ձայն ունի: Բա եթե ունի, մեր հետ ի՞նչ գործ ունի»:

Անդրադառնալով այն լուրերին, որ ԲՀԿ-ում ներկուսակցական խմորումներ են սկսվել, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ:

Հարցին՝ լրագրող Պետրոս Ղազարյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակում էր, լինելո՞ւ է խորհրդարանական ցուցակում, հաշվի առնելով լուրերը, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունից տեղափոխվում է Հանրային, Ծառուկյանն այսպես պատասխանեց. «Դա լավ է:

Առաջ են տանում, դա վա՞տ է: Կքննարկենք, կարող է ինքը ծանրաբեռնված լինի: Մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք: Մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը»:

Իսկ այն հարցին՝ Նաիրա Զոհրաբյանը լինելո՞ւ է ցուցակում, Ծառուկյանը պատասխանեց. «Ինչու՞ առանց Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ-ն լինո՞ւմ է»: Գագիկ Ծառուկյանը նաև հերքեց տեղեկությունները, որ իր և Զոհրաբյանի հարաբերությունները լարված են։

Լրագրողների հարցին՝ ընտրություններից հետո հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ընդդիմություն դառնաք, նա պատասխանեց. «Ամեն ինչ կախված է ընտրություններից: Ես շարժման կողմնակիցն եմ, Նիկոլ Փաշինյանի աջակիցն եմ, կողքն եմ լինելու»:

Ճշտող հարցին՝ կոալիցիայո՞ւմ եք ձեզ տեսնում, թե՞ ընդդիմության մեջ, նա պատասխանեց. «Որտեղ որ անհրաժեշտություն լինի, ոչ մի խնդիր չկա: Մենք դա չենք անում պաշտոնի համար, ուզում ենք մեր երկիրը կառուցենք: Մենք ընտրությանը մասնակցելու ենք, ծրագրի վրա աշխատում են: Գիտենք՝ ինչ պետք է անենք, որ ժամկետում»: Նա ասաց, որ ընտրությունից հետո ամեն ինչ պարզ կլինի: