Search
Close this search box.

Իրավիճակը Գյանջայում կրկին սրվել է. Գագիկ Համբարյան

Իրավիճակն Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում կրկին սրվել է: Ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք հիմնականում ներկայացնում են պաշտոնական տեսակետը, կցկտուր տեղեկություններ են հաղորդում այդ Գյանջայից: Ըստ Ադրբեջանի ԱԱԾ-ի տվյալների` հատուկ գործողության ժամանակ սպանվել է երկու մարդ՝ Ֆամիլ Ալեկպերովը և Ռուստամ Ռզաևը, որոնք պաշտոնական Բաքվի կողմից ներկայացվում են որպես կրոնական ծայրահեղական կազմակերպության անդամներ և ահաբեկիչներ: Ադրբեջանի ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ այդ երկու ծայրահեղականները նախապատրաստել են ահաբեկչություններ կազմակերպել երկրի տարբեր մասերում, սակայն իրավապահներին հաջողվել է դրանք կանխել և ոչնչացնել կազմակերպիչներին:
Թե ինչ է իրականում տեղի ունեցել Գյանջայում, պարզ չէ, քանի որ ընդդիմադիր կայքերը դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: Հիշեցնեմ, որ իրավիճակը Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում սրվեց սույն թվականի հուլիսի 3-ին, երբ մահափորձ տեղի ունեցավ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ…Ազերի իրավապահները ձերբակալեցին 11 անձի և մահափորձի կազմակերպման մեջ մեղադրեցին ՌԴ քաղաքացի Յունիս Սաֆարովին, ում մեղադրեցին նաև Իրանի գաղտնի ծառայությունների գործակալ լինելու մեջ: Իշխանությունները “վհուկների որս” սկսեցին քաղաքում ` տարրական տեռոր իշխանությունների հետ չհամագործակցող ուժերի նկատմամբ: Այս տեռորի պայմաններում էլ Գյանջայի բնակիչներից ոմանք (պաշտոնական տեղեկությունների համաձայն 150-200 հոգի) հուլիսի 10-ին հանրահավաք էին կազմակերպել Գյանջայի քաղաքապետարանի մոտ: Չարտոնված հանրահավաքը ցրելու հետևանքով` զոհվել են երկու բարձրաստիճան ոստիկան-գնդապետներ՝ Իլգար Բալաքիշիևը և Սամեդ Աբբասովը: Այդ ամենը պատճառ դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները սկսեն մասսայական ձերբակալություններ, որոնց ժամանակ սպանվեցին ահաբեկչության մեջ կասկածվող մի քանի մարդիկ:
Այժմ իրավիճակը, որքան հասկանում եմ, կրկնվում է: Ապշերոնյան բռնապետը շատ պարզ քաղաքականություն է վարում իրեն խիստ քննադատողների նկատմամբ. նրանց մեղադրում է ահաբեկչության մեջ և հրամայում ֆիզիկապես ոչնչանցնել: Չկա ընդդիմադիր, չկա և խնդիր: Ինչպես նաև այս մեթոդով Ալիևը վախեցնում է ապագայում իրեն քննադատողներին՝ սպառնալով սպանությամբ: Սակայն նույնիսկ այդ ամենից և Վելիևի` քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո իշխանություններին չի հաջողվում իրավիճակն ամբողջությամբ վերահսկել Գյանջայում:
Հ.Գ.Չի բացառվում,որ ԱՄՆ նախագահի օգնական Բոլթոնի տարածաշրջան այցից հետո այս երկու սպանված “ահաբեկիչներին” պաշտոնական Բաքուն ներկայացնի որպես իրանական գործակալներ՝ևս մեկ անգամ “ապացուցելով” Վաշինգտոնի այն թեզը,որ Իրանը ահաբեկիչներին հովանավորող երկիր է: