Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն խաչատրյանը չի պատրաստվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից ներողություն խնդրել՝ Արթուր Վանեցյանի հետ ունեցած հեռախոսազրույցում հնչեցրած մտքերի համար: Հիշեցնենք, որ այդ հեռախոսազրույցը գաղտնալսվել էր եւ հրապարակվել յութուբում:
«Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք։ Եթե դուք ձեր տանը, ձեր ընտանիքի անդամի հետ զրույցներ եք անում, իսկ ինչ-որ մեկը գալիս ականջ է դնում ու ասում է, որ դրա համար պետք է հրապարակային ներողություն խնդրել: Դա ճի՞շտ է, որ ապօրինի գաղտնալսում են անձնական բնույթի զրույցը եւ ներողություն խնդրելու կոչեր են անում»,- ասաց Սասուն Խաչատրյանը։
Լրագրողի դիտարկմանը, այսինքն՝ չի՞ պատրաստվում գաղտնալսված զրույցի ընթացքում արտահայտած մտքերի համար ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Իհարկե, չեմ պատրաստվում»:
Նշենք, որ Յուրի Խաչատուրովից հրապարակային ներողություն խնդրելու կոչով գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո հանդես էր եկել Խաչատուրովի որդին։