Search
Close this search box.

Ինչու Փաշինյանը չասաց` եկեք շրջափակենք ԱԺ-ն, մենք կգնայինք

Կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրեր, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը չտապալվեր, ասում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Կարող էր ժողովրդին այսօր կանչել ԱԺ (նկատի ունեի Նիկոլ Փաշինյանին–խմբ.), ասեր՝ եկե՛ք, պետք է շրջապատենք: Մենք բոլորս նորից կգնայինք, եթե պետք լիներ, ամբողջ հանրապետությունով բոլոր պատգամավորներին իրենց բակերում ձայն կտայինք, որպեսզի գնային և կողմ քվեարկեին»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2-րդ անգամ չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը, քանի որ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ 63 կողմ ձայնի փոխարեն նախագիծը ստացավ 62 կողմ ձայն: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում էր կատարվելու համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվելու էր մեկ տոկոսով, կրճատվելու էր ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցներ չորս քաղաքական ուժ:

«Առաջին հերթին պետք է տեսնենք՝ սա ինչ է նշանակում, ոչ թե այն առումով, որ ռեյտինգային է, այլ ինչպիսի իրադրության առաջ ենք, և համապատասխան ինչ քայլեր պետք է իրականացվեն: ԸՕ բարեփոխումների չընդունմանը բացասաբար ենք վերաբերվում: Դավադրություն չփորձեմ գտնել, կարծում եմ՝ դեռ ժամանակ ունենք ամբողջովին հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ հեղափոխության տրամաբանությունն այն էր, որ հենց տեղում պետք է խաղի կանոնները հստակեցվեին, անմիջապես Ազգային ժողովը ցրվեր, և տեղի ունենային արտահերթ ընտրություններ. «Ինչպես ժողովուրդը կոնսենսուսով վարչապետ առաջադրեց, նույնկերպ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ խաղի կանոններ սահմանվեին ընտրությունների հետ կապված, և գնայինք այդ ընտրակարգով ընտրությունների:

Թեկուզ միայն այդ ռեյտինգայինը հանելով»:

«Ժառանգության» նախագահը նշում է, որ առաջիկա ընտրություններում 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ծավալով ընտրակաշառքի բաժանում չի լինի, բայց ընտրակաշառքի հնարավորությունները կրկին բացվում են: