Search
Close this search box.

Նոր ԱԺ-ում նույնպես կլինեն թաղային հեղինակություններ, այդ թվում՝ ՔՊ-ից. Դ. Իոաննիսյան

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ուղարկվել է թե՛ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԺՀՄԻԳ), թե՛ Վենետիկի հանձնաժողով։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ ուղարկվել է և ՛ հայեցակարգը, և՛ նախագիծը։

Նա չի հերքում, որ այս մարմիններից վերջնական եզրակացություն չի եղել, բայց շեշտում է, որ դա տրամաբանական է, քանի որ ժամկետները սուղ էին։ Միևնույն ժամանակ, Իոաննիսյանը նշեց, որ մի շարք միջոցառումների ժամանակ ԸՕ փաթեթը քննարկվել է։

«Սեպտեմբերին կայացած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջոցառումներից մեկում ԸՕ բարեփոխումները ներկայացրել եմ թե՛ ես, թե՛ ՀՀ-ի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում։ Ունեցել ենք նաև առանձին հանդիպումներ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տարբեր ներկայացուցիչների հետ, որոնց հետ ԸՕ ռեֆորմը քննարկվել է թե՛ Երևանում, թե՛ Վարշավայում, թե՛ Բրյուսելում։ Գիտեմ նաև, որ մեր դիվանագետները քննարկել են այն Վիեննայում։ Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ասեմ, որ ԸՕ ռեֆորմը մի անգամ քննարկվել է հունիսին, մեկ անգամ ավելի լուրջ ու խորքային նախանցած շաբաթ է քննարկվել Վենետիկում։ Վենետիկի հանձնաժողովը միաձայն սատարեց այն մոտեցումը, որ ԸՕ-ում մի շարք դրական փոփոխություններ կան, անգամ Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ էլ հստակ ընդգծած էր, թե ինչն է դրական, ինչ է խնդրահարույց»,- մանրամասնեց նա։

Ըստ Իոաննիսյանի՝ կառույցների արձագանքում հստակ փոխըմբռնում կար, թե ինչու է ԸՕ-ն այսքան սեղմ ժամկետներում բարեփոխվում. «Ցավոք, հիմա չեմ կարող անուններ տալ, որովհետև off the record (հրապարակման համար չնախատեսված–խմբ.) զրույցներ էին, բայց այդ հանդիպումներին նաև մարդիկ ասում էին, որ է՛լ ավելի շուտ օրենսգիրքը պետք է ընդունվեր, որ է՛լ ավելի շուտ պետք է ընտրություններ լինեին, այսինքն՝ այստեղ փոխըմբռնում կար»,- շարունակեց Իոաննիսյանը։

Արդեն իսկ փաստ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան գործող Ընտրական օրենսգրքով, սակայն Իոաննիսյանը դժվարանում է գնահատել ընտրությունների մրցակցայնության աստիճանը։ Նա վստահ է՝ ընտրության արդյունքները չեն կեղծվի, բայց չի բացառում, որ «թաղային հեղինակություն» կոչվածը կհաղթի։

«Այո՛, ընտրությունները չեն կեղծվի, երևի թե ընտրությունների ժամանակ օրինականությունը կպահպանի, առավել ևս, որ Քրեական ու վարչական իրավախախտումների օրենսգիրքն արդեն փոխված է։ Այս առումով խնդիր չենք ունենա, բայց խնդիրն այն է, որ ընտրությունները կլինեն նվազ քաղաքական, դաշտում կլինի նվազ մրցակցություն, ընտրվելիք խորհրդարանն էլ կլինի նվազ քաղաքական, և ամեն դեպքում թաղային հեղինակությունների ազդեցությունը առկա կլինի ՀՀ-ում հետագայում կայացվելիք որոշումների վրա, քանի որ այն չի նահանջել այնքան, որքան ցանկալի էր»,- ընդգծեց Դանիել Իոաննիսյանը։

Հարցին՝ ինչ շահագրգռվածություն ունի գործարարը կամ թաղային հեղինակությունը սատարել որևէ կուսակցության՝ հաշվի առնելով, որ, ըստ կանխատեսումների, խորհրդարանի առաջին ուժը կլինի Նիկոլ Փաշինյանի գլխավորածը, և պայքարը պետք է գնա 2-րդ, 3-րդ տեղերի համար, Իոաննիսյանը պատասխանեց․

«Իրոք, առավել հավանական սցենարն այն է, որ թե՛ այս, թե՛ այն ընտրակարգում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը հաղթելու է, բայց ինչպիսի քաղաքական մթնոլորտ է ստեղծվելու՝ այլ հարց է։ Փոքր ուժերը կարողանալո՞ւ են մտնել խորհրդարան, թե՞ չեն կարողանալու, քանի որ շատ կարևոր է, որ փոքր ուժերը կարողանան մտնել ԱԺ, որ, ի վերջո, քաղաքական մշակույթ ձևավորվի Հայաստանում։ Ովքեր են լինելու այն անձինք, որոնք կլինեն խորհրդարանում, թեկուզ նույն Նիկոլ Փաշինյանի թիմից լինելու են անձինք, ովքեր թաղում ունեն հեղինակությո՞ւն, թե՞ լինելու են քաղաքական գործիչներ, որոնք ունեն ծրագրերի ու գաղափարախոսության կրողն են, ինչ-որ ոլորտից գլուխ հանող մարդիկ են»,- շեշտեց Իոաննիսյանը։

Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը, անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ԸՕ բարեփոխումները չընդունվեն, ապա կրկին «սև ու սպիտակի» պայքար է լինելու, նշեց, որ ինքը դեմ է «սև ու սպիտակի» տրամաբանությանը։

«Կան ուժեր, որոնք «սև» չեն, բայց ՔՊ էլ չեն։ Չեմ ուզում անուններ տալ, բայց նաև այդ ուժերի շանսերն են էականորեն պակասում, քանի որ կան շատ ուժեր, որտեղ կան երիտասարդներ, թարմ միտք, գաղափարախոսություն և այլն։ Հարցն այն է, որ պետք է լիներ այնպես, որ քաղաքական մրցավազք լիներ, այլ ոչ թե ռեսուրսների, բայց հանգեց ռեսուրսների մրցավազքի, այսինքն՝ ով ունի թաղերում հեղինակություն վայելող անձինք՝ կընտրվի, ով չունի՝ չի ընտրվի»,- ասաց Իոաննիսյանը։

Դանիել Իոաննիսյանը չգիտի՝ արդյոք ԸՕ բարեփոխումները հետագայում կբերվեն խորհրդարան, թե ոչ։ Նա հայտարարեց, որ դա արդեն հաջորդ իշխանությունների խնդիրն է, իսկ իր առաքելությունն այսքանով ավարտված է։