Search
Close this search box.

Ու՞մ են հայերը և ադրբեջանցիները ձայն տվել Վրաստանի նախագահական ընտրություններում. Գագիկ Համբարյան

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, որոնք վերջինն էին, երբ նախագահին ընտրում էր ժողովուրդը: Հաջորդ նախագահին ընտրելու է 300 հոգանոց ընտրական կոլեգիան:Այս նախագահական ընտրություններին մրցակցում էին 25 թեկնածուներ:
Վրաստանի ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն` իշխանությունների կողմից հովանավորվող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ընտրողների ձայների 38,64 տոկոսը, նախկին նախագահ Մ.Սաակաշվիլիի կողմնակից Գրիգոլ Վաշաձեն՝ 37,74 տոկոսը, իսկ երրորդ հորիզոնականը՝ 10,97 տոկոս ձայներով զբաղեցրել է ևս մեկ ընդդիմադիր թեկնածու` Դավիթ Բակրաձեն:Քանի որ ոչ մի թեկնածու չի հավաքել օրենքով սահմանված 50 տոկոս + 1 ձայն, ապա տեղի է ունենալու նախագահի ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցելու են առաջին փուլում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թեկնածուները՝ Զուրաբիշվիլին և Վաշաձեն:
Ինձ ավելի հետաքրքիր է, թե ինչպես են ընտրել Վրաստանի երկու նահանգների բնակչությունը՝ հայաբնակ Սամցխե-Ջավախքը և ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլին:
Այսպես, Ջավախքի ամենահայաբնակ երկու շրջաններից Նինոծմինդայի ընտրությանը մասնակցած ընտրողների 59,16 տոկոսը իր ձայնը տվել է իշխանամետ Սալոմե Զուրաբիշվիլիին, 21,45 տոկոսը՝ Վաշաձեին: Իսկ Ախալքալաքում հետևյալ արդյունքներն են գրանցվել՝ Զուրաբիշվիլի՝ 59,46 տոկոս, Վաշաձե՝ 23,31 տոկոս:Ջավախքի Ասպինձայի շրջանում ընտրողների 58,86 տոկոսը ևս իր ձայնը տվել է իշխանությունների թեկնածուին, իսկ 20,44 տոկոսը՝ Սաակաշվիլիի կարկառուն կողմնակցին: Խայտաբղետ բնակչությամբ աչքի ընկնող Ախլցխայի ընտրողների ընդամենը 45,59 տոկոսն է ձայնը տվել Զուրաբիշվիլիին, իսկ Վաշաձեին ձայն է տվել ընտրողների 28,32 տոկոս: Ադիգենի շրջանում ևս “Վրացական Երազանք”-ի թեկնածու Զուրաբիշվիլին “հաղթել” է՝ հավաքելով 47,49 տոկոս, իսկ ընդդիմադիր Վաշաձեն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով 27,08 տոկոս: Ադիգենիում բավականին մեծ ընտրազանգված է գրանցել ևս մեկ ընդդիմադիր՝ Բակրաձեն, որին ձայն է տվել ընտրողների 20,96 տոկոսը: Իսկ Բորժոմիում հաղթել է Զուրաբիշվիլին՝ 50,22 տոկոս ձայնով:Վաշաձեին ձայն է տվել ընդամենը 28,03 տոկոս ընտրող:
Ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում պատկերը հետևյալն է:Հիմնականում ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանում ընտրողների 47,79 տոկոսը ձայն է տվել Զուրաբիշվիլիին, իսկ թրքասեր Սաակաշվիլիի կուսակցին՝ 39,05 տոկոսը:Գարդաբանիի ազերիները ավելի քիչ ձայն են տվել Զուրաբիշվիլիին՝ 40,23 տոկոս, քան Մառնեուլիի ազերիները: Իսկ Գարդաբանիում Վաշաձեն հաղթել ՝ ստանալով ընտրողների ձայների 42,63 տոկոսը: Դմանիսիի շրջանում Զուրաբիշվիլին ստացել է 48,43 տոկոս ձայն, իսկ Վաշաձեն՝ ձայների 39,71 տոկոսը: Բոլնիսիի շրջանում բավականին լավ արդյունքեր է ցույց տվել իշխանական թեկնածու Զուրաբիշվիլին՝ 59,18 տոկոս, իսկ ընդդիմադիր Վաշաձեն ստացել՝ 31,45 տոկո:Տետրիցկարոյի շրջանում առաջին տեղում “Վրացական Երազանք”-ի թեկնածուն է՝ 48,58 տոկոսով, իսկ ընդդիմադիր “Միացյալ Ազգային Շարժում” կուսակցության թեկնածուն ստացել է 33,47 տոկոս:
55 տոկոսով հայերով բնակեցված, բայց ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի մաս կազմող Ծալկայի շրջանում 54,58 տոկոս ձայներով հաղթանակ է տարել Սալոմե Զուրաբիշվիլին, իսկ Վաշաձեն ստացել է ձայների ընդամենը 30,38 տոկոսը:
Թբիլիսիի հայաբնակ Հավլաբարի թաղամասում տեղակայված ընտրատեղամասերում հիմնականում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն : Թբիլիսիում բավականին լավ արդյունքներ է ցույց տվել նաև երրորդ տեղը զբաղեցրած Դավիթ Բակրաձեն: Վերջինիս ընտրազանգվածը կարող է մեծ դեր խաղալ Վրաստանում սպասվելիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վրա: Վերջին տվյալների համաձայն Բակրաձեն արդեն հայտարարել է, որ կոչ է անելու իր ընտրազանգվածին նախագահական ընտրությունների երկրոդ փուլում ձայնը տալ “Վրացական Երազանք”-ի թեկնածու Գրիգոլ Վաշաձեին:
Ջավախքում և Քվեմո-Քարթլիում ընտրությունների արդյունքների տարբերությունը պայմանավորված է իշխանամետ թեկնածուի կողմից նախկին վարչակարգի կողմից վարված թրքամետ քաղաքականության խիստ քննադատությամբ, որի արդյունքում Վրաստանը հայտնվել է թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ: Հատկապես Զուրաբիշվիլին բազմիցս է անդրադարձել Վրաստանի քաղաքացիություն ստացած թուրքերին, որոնք, ըստ նրա, ոչ միայն մեծ վտանգ են ներկայացնում Վրաստանի անվտանգության համար, այլև անարդար է, երբ Վրաստանի շատ քաղաքացիներ ստիպված են հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից՝ հիմնականում ՌԴ-ի և Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Ամենաշատը այդ ամենից տուժում է վրացահայությունը, որը 2008 թ-ի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո ստիպված էր հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ շատերի ապրուստի աղբյուրը ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելն է կամ այնտեղ բնակվելը: