Search
Close this search box.

ԸՕ բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում կրկին չստացավ բավարար թվով ձայներ. պակասում էր ընդամենը մեկ ձայն

ՀՀ ազգային ժողովում երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ:

Բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ պատգամավոր չկար: Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում, ԸՕ փոփոխությունների փաթեթը չէր ստացել բավարար թվով ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ում ստացավ ընդամենը 56 կող ձայն:

Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնի չորս քաղաքական ուժ: