Search
Close this search box.

Բոլոր կալանավորներին ներառել համաներման ակտի մեջ հնարավոր չէ, բայց պետք է տարբերակել «կենդանուն» աֆեկտի տակ սպանություն կատարածից. Ն Զոհրաբյան

Բազմաթիվ ցմահ և այլ հանցագործությունների համար դատապարտվածներ, համաձայն չլինելով արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի՝ համաներմանը տրված «աննախադեպ» ձևակերպման հետ, պահանջում են համաներման ակտի մեջ ներառել հոդվածներ, որոնք այս պահին ներառված չեն: Եվ «Ծառուկյան» դաշինքը չորեքշաբթի ԱԺ-ում քննարկման ժամանակ ներկայացնելու է համաներման ենթակա հոդվածների ցանկ, սակայն որոշումը լինելու է կառավարությանը:

Tert.am -ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով երեկ եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում՝ հանդիպելու բողոքի ամենատարբեր ակցիաներ, այդ թվում՝ հացադուլ անող դատապարտյալների հետ:

«Նախ՝ նշեմ, որ պարբերաբար լինում եմ Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում, այո, ինձ դիմել էին ցմահ ազատազրկվածները, ինչպես նաև բազմաթիվ դատապարտյալներ, որոնք խնդիրներ են տեսնում համաներման այն նախագծի մեջ, որը ներկայացվել է խորհրդարանին: Ցմահ դատապարտյալների խնդիրն այլ է»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր Հայաստանն ունի 93 ցմահ դատապարտյալ, որոնցից 14-ի պարագայում օրինակ` Նաիրա Զոհրաբյանն անձամբ լուրջ խնդիր է տեսնում: Նրանք այն ցմահ ազատազրկվածներն են, ովքեր սպանություն են կատարել բանակում: «Ես այդ խնդիրը բարձրացրել եմ մշտապես և կրկին բարձրացնելու եմ. եթե բանակում, օրինակ, փորձել են նվաստացնել զինվորին, ինչի արդյունքում տեղի է ունեցել սպանություն, և այս զինվորն արդեն 13-15 կամ 18-20 տարի նստած է, ապա այստեղ պետք է լինի տարբերակված մոտեցում այն ցմահ դատապարտյալից, ով ասենք՝ մի ողջ ընտանիք է մորթել:

Հիմա, այդ մարդիկ մինչև 20 տարի պատիժ են կրել, բայց եթե այսօր կատարվում է 1 անձի սպանություն, պատիժը լինում է 12-15 տարի»,-ավելացնում է Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարը հայտարարվեիք համաներման համար օգտագործեց «աննախադեպ» բառը, բայց ցմահ բանտարկյալների հարազատներն ու ընկերները դժգոհ են, որ կառավարության համաներման նախագծում ցմահներին անդրադարձ չկա: Ուստի, նրանք առաջարկում են համաներում տալ նաև 4 խումբ ցմահների։

Շատ փաստաբաններ ու իրավապաշտպաններ ևս այս ընթացքում կարծիք են հայտնել, որ հարկավոր է համաներման մեջ ընդգրկել դատապարտյալների ավելի մեծ խմբերի, այլապես, ինչպես Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ վերցրել են հին համաներման ակտը, ավելացրել են «Սասնա ծռերին» և Շանթ Հարությունյանին վերաբերող մասը որպես առանձին մաս, սակայն որևէ աշխատանք՝ գիտական, սոցիալական, հասարակական վերլուծության տեսակետից, չի արվել:

Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ ցմահ դատապարտյալները, ովքեր երեկ բաց նամակով դիմել էին վարչապետի պաշտոնակատարին, պահանջում են, որ մեկ անձի սպանության ու արդեն 15-20 տարի ազատազրկում կրելուց հետո ցմահ ձևակերպումը հանվի, և սահմանվի կոնկրետ պատժաչափ, օրինակ՝ 20 -22 տարի:

Պատգամավորն ասում է, որ ժամանակի ընթացքում այս խնդրին ևս պետք է անդրադարձ կատարվի:

Երեկ ՔԿՀ-ում գտնվելիս Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպում էր խնդրել մի դատապարտյալ, ով իրեն ինքավնասել էր՝ մետաղյա բզով կարելով աչքերը: Պատգամավորի փոխանցմամբ՝ դատապարտյալի պահանջն այն է, որ իր՝ խարդախության հոդվածը ներառվի համաներման ակտում:

Նաիրա Զոհրաբյանը վերլուծել է, թե ինչու է այս հարցն այսքան սրվել այսօր: Կարծում է, որ պատճառն այն է, որ արդեն շուրջ 6 տարի (Հայաստանում վերջին համաներումը հայտարարվել էր 2013-ին-խմբ.) համաներում չի հայտարարվել:

«Եվ, այո, բնական է իրենց տագնապը, որ տևական ժամանակ Հայաստանում կրկին չի լինելու համաներում: Մենք, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ հնարավոր չէ համաներման ակտի մեջ ներառել Հայաստանի բոլոր կալանավորներին, նման բան չի կարող լինել ու պետք էլ չէ, որ լինի, բայց նորից եմ ասում՝ որոշ հոդվածներ, մեր կարծիքով, պետք է, անպայման, ներառվեն համաներման ակտի մեջ, և ես դա իմ գործընկերների հետ ներկայացնելու եմ»,-վստահեցնում է Նաիրա Զոհրաբյանը:

Նա հավելում է, որ բացի այս՝ ողջ քաղաքակիրթ աշխարհը գնում է նույն հոդվածի դեպքում տարբերակված մոտեցման ճանապարհով, որում շատ կարևոր նշանակություն ունի անձը:

«Մեր իրավական համակարգը նույն հոդվածի դեպքում պետք է կարողանա ցուցաբերել տարբերակված մոտեցում: Այստեղ պետք է կարողանան ճիշտ աշխատել այդ՝ ներման, վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովները, որոնց խնդիրը պետք է լինի ճշգրիտ որոշել՝ այս անձին ներում շնորհելով կամ վաղաժամկետ արձակելով՝ այդ անձը ընդունակ է՝ այլևս այս հանցագործությունը չկատարելու, թե ոչ, որովհետև կա սպանություն աֆեկտի վիճակում, կա սպանություն, որի կատարողն ուղղակի կենդանի է »,-ամփոփում է Նաիրա Զոհրաբյանը: