Search
Close this search box.

Խոսրովի անտառի բուսականության վերականգնման հնարավորությունները պարզ կլինեն գարնանը

Նախնական հաշվարկներով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսին բռնկված հրդեհի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2200 հա, որտեղ չվառված տարածքը՝365 հա, շատ քիչ վառվածը՝ 525 հա, միջին վառվածը՝ 1200 հա, շատ վառվածը՝ 110 հա: Ըստ անտառշինական քարտեզների՝ հրդեհի մեջ ընդգրկված տարածքում կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա, գիհուտը կազմում է 200 հա, իսկ խոտածածկը մոտ 1100 հա: Այս տվյալները ներկայացվել են ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի նիստում:

Ինչպես հաղորդում է ՀՀ բնպահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդի մասնակիցները նշել են, որ միամյա խոտաբույսերի վիճակն արգելոցի բոլոր տեղամասերում կբացահայտվի աշնանային անձրևներից հետո, ինչպես նաև գարնանը՝ թափված կենսունակ սերմերի ծլելուց հետո: Բազմամյա և ծառաթփային բույսերի վերականգնումը ևս մեծ չափով կախված է ծլունակ սերմերի առկայությունից: Լայնատերև ծառատեսակների ամբողջությամբ այրված առանձնյակների վիճակը կբացահայտվի գարնանային վեգետացիայի ընթացքում:

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում կկատարվի այրված տեղամասերից հավաքված պտուղների և սերմերի ցանքս, հրդեհից հետո դրանց ծլունակությունը ստուգելու նպատակով: Երկամյա և բազմամյա խոտաբույսերի մոտ նշված տեղամասերում արդեն սկսվել են վերականգնման պրոցեսներ: Դրանց մոտ նոր ընձյուղներ են դուրս եկել արմատամերձ վարդակներից, որոշ տեսակների մոտ հասնելով մինչև 20 սմ բարձրության: Ինչպես բազմիցս նշվել է, վերականգնման տեսանկյունից բարդությունը գիհու ծառատեսակն է ներկայացնում, որն ինքնին դժվար աճող տեսակ է: Բուսականության վերականգնման վերջնական վիճակը կբացահայտվի լրացուցիչ մոնիտորինգից հետո՝ աշնանը (անձրևներից հետո՝ հիմնականում խոտաբույսերինը) և գարնանը (հիմնականում՝ ծառերինը և թփերինը): Կենդանական աշխարհից խոշոր կաթնասունների կորուստներ չեն եղել, հրդեհն ընդգրկած տարածքում կրակից զերծ մնացած կղզյակներում անգամ միջատներն ու սողունները կարողացել են պատսպարվել: Դիտարկումները ցույց են տալիս, որ հրդեհված տարածքներում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի: Հրդեհի հետևանքով կարմի գրքային բույսերի տեսակի ոչնչացման խնդիր չկա: