Search
Close this search box.

Սրտի բաց վիրահատություններ Քանկոր ԲԿ-ում

Սրտի բաց վիրահատություններ Քանկոր ԲԿ-ում. Ինչո՞ւ  են զարկերակային շունտերն առավել արդյունավետ

Քանկոր բժշկական կենտրոնը սիրտ-անոթային հիվանդությունների մասնագիտացված կլինիկա է: Այստեղ բուժվում են մեծահասակաները՝ սրտի հետ կապված ամենատարբեր խնդիրներով: Բժշկի մասնագիտական որակների, Քանկոր կլինիկայի սրտի վիրաբուժության բաժանմունքի և բաժանմունքում կատարվող վիրահատությունների մասին զրուցում ենք սրտի վիրաբույժ Արման Քոչարյանի հետ:

Մասնագիտական ի՞նչ որակներ պիտի ունենա բժիշկը լավ վիրաբույժ համարվելու համար:

Միայն ոսկի ձեռքեր մսագործն էլ կարող է ունենալ, վիրաբույժը աշխատող գլուխ պետք է ունենա: Անգամ կրկեսում արջին կարող ես դաշնամուր նվագել սովորեցնել, բայց Մոցարտի գործերը հաստատ չես կարող:

Քանկոր բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում ին՞չ միջամտություններ են կատարվում:

Սրտի վիրաբուժության մեր բաժանմունքում կատարում ենք մեծահասակների ձեռքբերովի և բնածին արատների կապակցությամբ բաց վիրահատություններ: Մեր բաժանմունքում աշխատում ենք երեք վիրաբույժներով: Երբ ընդունում ենք հիվանդին, մենք մանրակրկիտ քննարկում ենք նրա դեպքը, մեզանից յուրաքանչյուրն իր կարծիքն է ասում, հետո կայացնում ենք ամենաօպտիմալ որոշումը:

Ի՞նչ մթնոլորտ է Քանկոր ԲԿ-ում:

Մեր բժիշկներն իրար հետ չեն մրցում, համագործակցում են: Մեր կլինիկայում կա մի շատ լավ սկզբունք. հիվանդը ոչ թե կոնկրետ մեկ բժշկի հիվանդն է, այլ ողջ հիվանդանոցի:Երբ հիվանդը գալիս է մեր կլինիկա, նա ստանում է իր բոլոր հարցերի պատասխանները: Մեր բոլոր բաժանմունքների միջև սերտ կապ կա: Սա հնարավորություն է տալիս ճիշտ ախտորոշել հիվանդին և նրան ճիշտ ուղղորդել՝ ապահովելով նրա բուժման հաջող ընթացքը: Քանկորը եզակի բուժկենտրոններից է, որտեղ հիվանդանոցի սեփականատերը և տնօրենը պրակտիկ բժիշկ է, ում հետ կարող ես ամեն ինչ քննարկել և ունենալ լիակատար մասնագիտական ազատություն:

Սրտի վիրահատությունների մի զգալի հատվածի պատճառը իշեմիկ հիվանդություն է: Ի՞նչ Է կատարվում օրգանիզմում իշեմիկ հիվանդության զարգացման ժամանակ:

Խոլեստերոլ նյութը, որը նորմայում կա և պետք է մարմնին, սկսում է նստել տարբեր տրամաչափի և տեղադրության զարկերակների պատերին, իսկ զարկերակները իրենց բնույթով սնուցող անոթներ են, այսինքն՝ ամեն մի զարկերակ սնուցում է ինչ-որ մի օրգան կամ օրգանի մի հատված: Աստիճանաբար այդ շերտերը ավելանում են, և  նեղացումը հասնում է այն աստիճանի, որ անցնող արյան քանակը և այդ օրգանի կողմից պահանջվող արյան քանակների միջև բալանսը խախտվում է, ինչը բերում է թերսնուցման, այսինքն իշեմիայի: Իշեմիա կամ իշեմիկ հիվանդություն, որը հետևանքն է աթերոսկլերոզի, բառացի թարգմանաբար նշանակում է սակավարյունություն, այսինքն՝ անհամապատասխանություն պահանջվող և հասցվող արյան քանակների միջև:

 

Քանկորում ի՞նչ եղանակով է կատարվում իշեմիկ հիվանդության վիրահատական գործընթացը:

Իշեմիկ հիվանդության կապակցությամբ վիրահատությունը կոչվում է կորոնար շունտավորում: Քանկոր ԲԿ-ի կարևոր ձեռքբերումն այս հարցում այն է, որ մեր բաժանմունքի բժիշկները լայն ծավալով են կիրառում զարկերակային շունտեր: Զարկերակային շունտերով աշխատելը բժշկից մեծ հմտություն և տեխնիկապես մեծ վարպետություն է պահանջում, բայց վիճակագրորեն զարկերակային շունտերը ծառայում են ավելի երկար, քան երակային շունտերը, հենց այդ պատճառով էլ մեզ համար սկզբունքային է այս շունտերի լայն կիրառումը: Տարիների փորձ ու հմուտ թիմ ունենք, ինչի շնորհիվ էլ կարողանում ենք բարձր որակ ապահովել:

Ո՞րն է զարկերակային շունտերի առավելությունը:

Զարկերակային շունտը բարձր ճնշման պայմաններում աշխատող անոթ է, որի միջավայրը դու չես փոխում, ուղղակի մի տեղից մյուսն ես դնում, ճնշման փոփոխություն չի լինում, հետևաբար ինքն ավելի երկար է ծառայում: Երակը ցածր ճնշման պայմաններում աշխատող անոթի տեսակ է, որի միջավայրը դու փոխում ես, դնում ես ավելի բարձր ճնշման տակ, հետևաբար այն շուտ է ախտահարվում:

 

Քանկոր ԲԿ-ում կատարվում է նաև փականային պրոթեզավորում: Հաճա՞խ կիրառվող միջամտություն է:

Փականային պրոթեզավորումը կատարվում է այն ժամանակ, երբ փականային ապարատը հիվանդ է: Փականի հիվանդ լինելը ցուցում չէ որևէ գործողության, վիրահատության ցուցումն առաջանում է, երբ այդ հիվանդությունը բերում է սրտի վնասվածության որոշակի աստիճանի: Բարդության տեսանկյունից տեխնիկապես շատ դժվար վիրահատություն չէ և շատ հաճախակի բնույթ չի կրում:

Իսկ որ դեպքերում է անհրաժեշտություն առաջանում կիրառել վերին աորտայի պրոթեզավորում:

Վերին աորտայի պրոթեզավորումը կատարվում է ամենամահաբեր հիվանդություններից մեկի պարագայում՝ սրտի վերին աորտայի անևրիզմայի կամ անևրիզմայի շերտազատման դեպքում: Անևրիզման լայնացումն է, շերտազատումը, երբ որ աորտայի պատ կազմող շերտերը միմյանցից շերտազատվում են: Գալիս է մի պահ, երբ պատռվածք է առաջանում, շերտերը հեռանում են միմյանցից: Եթե շերտազատումն ընդգրկում է ճյուղավորման որևէ հատված, դա կարող է բերել այդ ճյուղով սնուցվող մարմնի հատվածի սնուցման ընդհուպ մինչև դադարեցմանը: Այս վիրհատությունը բավականին ծանր է, բավականին ռիսկային, բարձր մահացությամբ հիվանդություն է: Հայաստանում այն շատ է հանդիպում: Այս հիվանդության հաճախ հանդիպելու հիմնական պատճառներից է բժիշկին ուշ դիմելը: Այս միջամտությունը ևս շատ բարձր մակարդակով կատարվում է Քանկոր բժշկական կենտրոնում

Ի՞նչ խորհուրդ կտաք հիվանդներին:

Առողջ ապրելակերպ տերմինը համակարգչով մի՛ գրեք, տեսեք ին՞չ է և կողքով անցեք: Փորձե՛ք հետևել ձեր սննդակարգին, նստակյաց ապրելակերպ մի՛ վարեք, խնդիրների դեպքում էլ ինքնաբուժությամբ մի՛ զբաղվեք՝ բժշկին դիմեք:

 Դուք ամեն օր կամ գրեթե ամեն օր տեսնում ու շոշափում եք սիրտը, ինչպե՞ս կբնութագրեք այն:

Սիրտն ամենասիրուն և ամենաշնորհակալ օրգանն է:

Զրույցի վերջում Արման Քոչարյանն նորից կարևորում է իր այն համոզմունքը, ըստ որի՝ բժշկությունն էլ արվեստ է. սկզբում նվագել ես սովորում, հետո անցնում Մոցարտի գործերին:

 

[smartslider3 slider=270]