Search
Close this search box.

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի մշակույթի նախարարին

Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեին՝ ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի:Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև ձևավորված սերտ կապերի և գործակցության առիթով` իբրև վկայություն երկու հավատակից ժողովուրդների դարավոր բարեկամության:Նախարար Միխեիլ Գիորգաձեն իր խոսքում անդրադարձ կատարեց հայ գործընկերների հետ արդյունավետ համագործակցությանը ու համատեղ մշակութային ծրագրերի իրագործմանը:Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արծարծեց նաև Վրաստանում հայկական եկեղեցիների և մշակութային արժեքների պահպանությանն ու իրավական կարգավիճակին առնչվող հարցեր: Հայոց Հովվապետը մտահոգությամբ բարձրաձայնեց մասնավորապես խոնարհված և փլուզման եզրին գտնվող մի շարք եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք և հոգածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ վրաց իշխանությունների կողմից համապատասխան քայլեր կձեռնարկվեն հանգուցալուծելու նշյալ խնդիրները:Վրաց նախարարն իր հերթին լուսաբանություններ տվեց այս ուղղությամբ իրականացված և ծրագրվող քայլերի մասին:Վեհափառ Հայրապետը նախարարից հետաքրքրվեց նաև Համայն Վրաստանի Իլյա Բ Պատրիարք-Կաթողիկոսի առողջական վիճակով` փոխանցելով Նորին Սրբությանն իր ողջույններն ու բարեմաղթանքները:Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օրհնությունն ու պահպանությունը մաղթեց Վրաստանին և վրաց ժողովրդին, պայծառություն` Վրաց Ուղղափառ Եկեղեցուն:Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, տեղեկացնում են Մայր Աթոռից: