Search
Close this search box.

Նորաշենի գյուղապետի և վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով հետախուզվողներից երկուսը վերադարձել են Հայաստան

Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանի և նրա վարորդ 33-ամյա Կարեն Ղազարյանի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով հետախուզման մեջ գտնվող չորս անձանցից երկուսը հայտնաբերվել են:

Ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեից՝ հետախուզման մեջ գտնվող 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանը և 1989 թ. ծնված Արթուր Նազարյանը Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան են ժամանել և հենց այդ ժամանակ էլ նրանք ներկայացվել են իրավապահներին, որից հետո դատարան են տարվել խափանման միջոց կալանքը վերահաստատելու նպատակով, ապա տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: Ասել է թե՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք դեպքից հետո հատել են ՀՀ սահմանը և միայն ամիսներ անց վերադարձել Հայաստան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 3-ին` ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա և Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ: