Search
Close this search box.

25 զինվորի կյանք փրկած կապիտան Հովսեփ Կիրակոսյանն այսօր կդառնար 31 տարեկան (տեսանյութ)

Հովսեփ Կիրակոսյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղում:

Հովսեփ Կիրակոսյանը Հայաստանի Զինված Ուժերում ծառայում էր 2006 թ.-ից, Էջմիածնի ԶԿ: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղափոխվել է՝ Ստեփանակերտ, որից հետո արդեն Մատաղիս: Միշտ ցանկացել է դառնալ զինվորական: Հովսեփի հայրը դեմ էր որդու` զինվորական դառնալուն, իսկ մայրը միշտ հպարտացել է տղայի` ռազմական ինստիտուտում ստացած բարձր գնահատականներով:

Հովսեփ Կիրակոսյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնոր էր: Նա որպես ՈԴՀՌ կամավորագրվել էր ռեեստրին 2006 թ-ից 2010 թվականներին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Կապիտան Կիրակոսյանն այդ ժամանակ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում իր կնոջ և զավակների հետ: Հովսեփի կինը` Մարիամը, պատմել է, որ գիշերվա ժամը 3-ին արթնացել էր պատուհանի թակոցից: Հովսեփին արթնացրել է, ու պարզվեց` պիտի արագ գյուղից երեխեքին դուրս բերեին: «Ասացի՝ «Հովսե՛փ, օգնի, չեմ կարողանում կողմնորոշվել, չգիտեմ՝ էս անորոշության մեջից ո՞նց դուրս գամ», ասեց՝ «Չէ, Մա՛ր, կներես. չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»: Ես լաց էի լինում, չգիտեի՝ ի՞նչ ու ո՞նց անել, ո՞ւր փախչել: Ասեց՝ «Մարիա՛մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես» ու գնաց…»

Մարիամին իրենց երկու տղաների հետ միասին, Մատաղիսի տանից հաջողվեց փախչել:

«Ստեփանակերտ հասնելուց հետո զանգեցի Հովսեփին՝ ցերեկը 12:27 էր: Միայն մի բան ասեց՝ «Մարիա՛մ, կգամ ձեր հետևից». դրանից հետո էլ Հովսեփի հետ չկարողացա խոսել. անհասանելի է…»:

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանն առաջին զոհերից էր: Գնդակների տարափին իր զինվորներին նա թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և հակառակորդին մոտ չթողնի, և ինքը գերի չընկնիԶինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:

Հովսեփ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով: