Search
Close this search box.

Զինծառայողներն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից. ՊՆ-ն ներկայացրել է նոր կարգը

Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներն այլեւս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով, ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՀՀ ԶՈՒ ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգը:

«Զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման եւ ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս: Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման եւ ինտերնետ հնարավորություններ ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա: Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման: Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային եւ ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին: