Search
Close this search box.

7 խորհուրդ առողջ եղունգներ ունենալու համար

Ինչպես մաշկի, այնպես էլ եղունգների պարագայում առողջությունը խնամք ու հոգատարություն է պահանջում: Ժամանակն իրենն է անում. ձեռքերն անդադար լվանալու, չոր եղանակի ու նյարդային իրավիճակների պատճառով մեր խեղճ եղունգները դառնում են փխրուն, իսկ եղունգների նրբամաշկը՝ կուտիկուլան, չոր ու անբարետես: Կարճ ասած՝ դրանց առողջությունն ու լավ տեսքը կախված է խնամքից: Մեր եղունգները կազմված են եղջրաթաղանթի՝ կերատինի շերտերից, սպիտակուց, որը գտնվում է նաեւ մեր մաշկի կազմում: Այս շերտերն իրարից որոշակի հեռավորություն ունեն, որոնց մեջ կարող են տարբեր նյութեր ներթափանցել: Փաստորեն եղունգները մեր մաշկից ավելի ծակոտկեն են: Այսինքն՝ եղունգների մեջ կարող է անցնել թե՛ օգտակարը, թե՛ վնասակարը: Ուրեմն առողջ ու գրավիչ եղունգներ ու նրբամաշկ ունենալու համար պետք է դրանք պահել ամուր, ճկուն, խոնավ ու անթափանց. ահա դրան հասնելու 7 գաղտնիք:

1. Աշխատեք չկտրել նրբամաշկը

Նրբամաշկի հեռացումը, ցավոք, հաճախ է մանիկյուրի մաս կազմում: Բայց նրբամաշկի գոյությունը պատճառ ունի, եւ մենք պետք է պահպանենք այն: Նրբամաշկը շատ բարակ շերտ է եղունգների ու մաշկի միջեւ, որը պաշտպանում է մանրէներից: Քանի դեռ դրա աճը չի տարածվում եղունգների վրա, այն կտրելու կարիք չկա: Նույնիսկ եթե մի քիչ շատ է աճել, ավելի լավ է ետ մղել, քան կտրել: Կտեսնեք, որ այդ դեպքում նրբամաշկն այդքան արագ ու շատ չի աճում. միայն մի քանի շաբաթ սպասելու համբերություն ունեցեք:

2. Մաքրությամբ զբաղվելիս ձեռնոցներ կրեք

Փխրուն եղունգների ու կոշտացած նրբամաշկի հիմնական պատճառներից մեկը չորությունն ու տարբեր վնասակար ազդեցությունների ենթարկվելն է: Երբ լվանում ենք մեր ձեռքերը, ջուրը ներթափանցում է թե՛ նրբամաշկի, թե՛ եղունգի միջով, բայց այն շատ արագ գոլորշիանում է՝ իր հետ «տանելով» եղած ողջ խոնավությունը: Ինչն ավելի վատ է, մաքրող միջոցները եղունգները զրկում են յուղից ու խոնավությունից, եւ կարող են անգամ գրգռել եղունգների շուրջ եղած մաշկը: Ձեռնոցներ կրելով մաքրելիս՝ դուք կարող եք բոլոր այս մաքրող միջոցներն ու ավելորդ ջուրը հեռու պահել եղունգներից:

3. Պարբերաբար խոնավացրեք

Քանի որ եղունգի շերտը ծակոտկեն է, ամրացնող ու սնուցող յուղերով այն հագեցնելով՝ կարելի է ձեռք բերել ճոխ եղունգներ: Որոշ բուսական յուղեր, հատկապես նշի եւ ունաբի յուղերը, որոնք նաեւ մեր եղունգների բալզամի կազմում են, ունեն փոքրիկ մոլեկուլներ, որոնք ի զորու են ներթափանցելու եղջերաթաղանթի շերտերի միջով եւ լցնելու դրանք, ինչը եղունգները դարձնում է ավելի ճկուն, ամուր, եւ չկոտրտվող: Այս յուղերը նաեւ «զմռսում» են եղունգները՝ խոնավությունը պահելով դրանց ներսում: Այս պատճառով եղունգների խնամքի լավագույն ժամը դրանք լվացվելուց անմիջապես հետո խոնավացնելն է, երբ ջուրը չի գոլորշիացել:

4. Խուսափեք վնասակար քիմիական նյութերից

Որոշ նյութեր ավելի արագ են ներթափանցում եղունգների, քան մաշկի միջով: Այդպես է թե՛ օգտակար նյութերի՝ վիտամինների ու ճարպաթթուների, թե՛ վնասակարների դեպքում: Եղունգների լաքի բանաձեւերում երեք ամենահաճախ հանդիպող վնասակար պատրաստուկներն են ՝ Formaldehyde, Toluene եւ Dibutyl Phthalate. այս նյութերի կիրառումը կա՛մ արգելված, կա՛մ սահմանափակված է մի շարք երկրներում՝ ներառյալ Եվրոպական միություն, Ճապոնիա, ԱՄՆ որոշ նահանգներ, այն պատճառով, որ դրանք կարող են տարբեր բացասական հետեւանքներ ունենալ մարմնի վրա: Ստուգեք, որպեսզի ձեր լաքերը չպարունակեն այս պատրաստուկներից՝ լաքի սրվակի կամ փաթեթավորման վրա փնտրելով այսպիսի գրառումներ. «3-free», «5-free» կամ «7-free».

5. Առողջ սննդակարգ

Մեր եղունգների տեսքն արտացոլում է մեր ընդհանուր առողջությունը: Եղունգների սպիտակ կետերը հուշում են ցինկի, իսկ գունատ, բարակ եղունգները՝ երկաթի պակասի մասին: Առողջ եղունգների հիմնական սնուցիչները սպիտակուցներն են, երկաթը, ցինկը, կալցիումը եւ վիտամին B12-ը: Ի լրումն, բիոտինը՝ նույն վիտամին B7-ը, հաճախ խորհուրդ է տրվում որպես եղունգների եւ մազերի աճին նպաստող հավելում: Իհարկե, նշածս սնուցիչների լավագույն աղբյուրը բնամթերքն է՝ լոբազգիներ, ոչ յուղալի մսամթերք, համալիր ածխաջրեր պարունակող մթերք, թարմ միրգ ու բանջարեղեն: Խոնավության մակարդակը նույնպես շատ կարեւոր է, ուստի շատ ջուր խմեք:

6. Խարտեք եղունգները կտրելու փոխարեն

Եղունգը կազմված է եղջերաթաղանթի շերտերից: Կտրելիս կամ կոպտորեն խարտելիս մենք վնասում ենք եղունգի ներքին կառույցը: Լավագույն եղանակը նուրբ խարտոցի օգնությամբ ձեւավորելն է: Խարտոցը եղունգների մի ծայրից մյուսը հետուառաջ անելու փոխարեն շարժեք ներսից դեպի դուրս եւ փորձեք չհասցնել մինչեւ եղունգի եզրը. սա խարտելու լավագույն ձեւն է: Այն գեղեցիկ ձեւ կտա եղուգներին եւ ամուր կպահի դրանք:

7. Ընտրեք ձեր եղուգների լաքը

Քանի դեռ կիրառում եք նուրբ, բնական եղունգի լաքեր, որոնք զերծ են վնասակար պատրաստուկներից, եղուգների լաքապատումը կարող է նպաստել եղունգների առողջությանը: Լաքը հանդես է գալիս որպես պատնեշ՝ պահելով խոնավությունը եղունգների ներսում եւ կանխելով վնասակար մանրէների ներթափանցումը: Պարզապես լաքը հեռացրեք զգուշորեն, մի մոռացեք պարբերաբար խոնավացնել եղուգները, անկախ նրանից՝ լաքապատում եք դրանք, թե ոչ: Եղունգների բալզամը եղուգների լաքի վրայից կիրառելը նույնիսկ խորհուրդ է տրվում. բալզամի յուղային մասը երկարակեցություն եւ ճկունություն կհաղորդի լաքին: