Search
Close this search box.

ՀՀ նախագահի ելույթը ՄԱԿ-ում. Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանին անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը: Ըստ ՀՀ նախագահի՝ ԼՂ հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է և այն կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով. «Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:
Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետևողականորեն ոչնչացնել իր  վերահսկողության ներքո գտնվող հայկական հսկայական մշակութային և հոգևոր ժառանգությունը:
Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը:
1992-1994 թվականների ծանր պատերազմը, դրա հետևանքները և այնուհետև ծավալված բանակցությունները Ադրբեջանի համար որևէ դաս չեղան: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը:
2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը»:

Ս. Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից նշել է, որ տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Ըստ ՀՀ նախագահի՝ այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը. «Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ:
Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այսօրերին կայանում է  Հայաստան-սփյուռք համաժողովը:

Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:

Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները»:

 

ՀՀ նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. «Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով:
Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:
Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով:
Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ»,-նշել է ՀՀ նախագահը: