Search
Close this search box.

«Հրապարակ». Պաշտոնանկ է արվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետը. նրա դեմ գործ է հարուցվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս պաշտոնանկ է արվել ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, նրա փոխարեն նշանակվել է տեղակալ Մհեր Խալաթյանը: Այս օրերին տեղի է ունենում հանձնում-ընդունում: Բանն այն է, որ դեռ Վիգեն Սարգսյանի ժամանակ Աշոտ Գրիգորյանի դեմ գործ էին հարուցել, սակայն այն կարճվել էր: Փաշինյանի իշխանության ժամանակ հանձնարարել են գործը վերա­բացել, իսկ վերջինիս էլ՝ զորացրել:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտել են չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ. ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտ­ներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին՝ պաշտո­նական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշ­տոնական փաստաթուղթ կեղծելու համար:

Միաժամա­նակ, դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նշենք, որ Աշոտ Գրիգորյանը գնդապետ է, ՀՀ ԶՈՒ համակարգում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, 2010-ից ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնում էր»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: