Search
Close this search box.

Է. Նալբանդյան.ԼՂ խնդրի հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ տա

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի համար ընդունելի են եռանախագահների առաջարկությունները և այդ մասին հայտարարել է բազմիցս. «Մինչդեռ` Ադրբեջանը շարունակաբար մերժում է ընդունել այդ սկզբունքները, նույնիսկ հրաժարվում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնք դրանց հղում են պարունակում: Պարզ է, որ չի կարող հանգուցալուծում լինել, մինչև Ադրբեջանը չընդունի միջազգային իրավունքի այս սկզբունքները։ Փոխարենը, Բաքուն նախընտրում է իր համար ինչ-ինչ մտացածին սցենարներ հորինել, համանախագահներին երևակայական առաջարկություններ վերագրել: Այս մտավարժանքները իրականության հետ ոչ մի կապ չունեն»:

Ըստ Է. Նալբանդյանի՝ միջազգային հանրությունը սատարում է Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու նրանց առաջարկությունները, որոնք Արցախի անվտանգության բազմաշերտ երաշխիքներ են նախատեսում. «Բաքվի ռազմական հռետորաբանությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից հասարակության մեջ հայատյացության սերմանումը, զինադադարի պարբերական խախտումները, նոր և նոր սպառնալիքներն ու սադրիչ գործողությունները, ապրիլյան ոճրագործությունները կասկածի տեղ չեն թողնում, որ անվտանգության թերի երաշխիքների պարագայում այս հակամարտությունն ավարտված չի կարող համարվել»:

ՀՀ արտգործնախարարը շեշտել է, որ խնդրի հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ տա.«Մարդկանց անվտանգության ապահովումը միջազգային պարտավորություններից մեկն  է,  եւ Լեռնային Ղարաբաղն այս իրավունքը վաստակել է նաեւ իր արյան եւ մեծ զոհողությունների գնով»,-նշել է նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը չունի Արցախի նկատմամաբ իր նկրտումների ո’չ պատմական, ո’չ իրավական, ո’չ բարոյական որևէ հիմք և փորձում է այդ դատարկությունը լրացնել կեղծարարությամբ. «Այս առաքելությանն է լծված Բաքվին ծառայող վարձկանների բանակը, որը ինչպես ևս մեկ անգամ վերջերս ցույց տվեց հայտնի «ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալը ներառում է մեզ վրա ցեխ շպրտող քաջածանոթ դեմքերի: Ճիշտ որ` «ուրիշի վրա ցեխ շպրտողի ձեռքերը մինչև արմունկները և անգամ նրանց դեմքերը ցեխի մեջ են»:

ArmLife.am