Search
Close this search box.

«ՀԺ». Ինչո՞ւ է թանկացել տավարի միսը. ՀՀ-ից Քաթար եւ Իրաք են արտահանվել մեծ քանակությամբ կովեր

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա ամռան ամիսներին մեծ քանակությամբ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ են Հայաստանից արտահանվել Քաթար եւ Իրաք: Արտահանման թվի էական մեծացումը բերել է ներքին սպառման համար վաճառվող տավարի մսի թանկացման՝ մոտ 8 տոկոսով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից armtimes.com-ին տրամադրեցին հուլիս եւ օգոստոս ամիսներին խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների արտահանման թվերը: Պարզվում է, որ այս երկու ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 1131 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի եւ 8600 հատ էլ՝ մանր եղջերավոր կենդանի:

Նշեք, որ Հայաստանի գործարարներից ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետաքրքրությունների մեջ է Իրաքի հետ առեւտրաշրջանառության զարգացումը: Սամվել Ալեքսանյանի ընկերությունները տարատեսակ ապրանքներ են արտահանում Իրաք:

Քաթարի հետ առեւտրային հարաբերությունների զարգացումը կարելի կապել Քաթարի նկատմամբ ամռանը պատժամիջոցների կիրառման հետ: Քաթարի հետ մի շարք երկրներ խզեցին դիվանագիտական հարաբերություններն այն բանի համար, որ վերջինս աջակցել է ահաբեկիչներին:

Քաթարը, իհարկե, չէր ընդունում մեղադրանքը: Բացի քաղաքական ճգնաժամից, Քաթարը նաեւ հումանիտար ճգնաժամում հայտնվեց: Ենթադրվում է, որ հենց այս հանգամանքով է պայմանավորված Քաթարի հետ նման առեւտրաշրջանառություն ունենալը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: