Search
Close this search box.

Ամերիկացի մասնագետներն արձանագրել են, որ Խոսրովի արգելոցի հրդեհից բույսերի արմատները չեն վնասվել

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խումբը սեպտեմբերի 9-ին Խոսրովի պետական արգելոցում ուրախությամբ արձանագրել է, որ հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ, ինչը վկայում է այն մասին, որ դրանց արմատային համակարգերը վնասված չեն: Տերևակալումներ են նկատվել նաև հրդեհից վնասված լայնատերև ծառերի մի մասի մոտ:
«Էկոլուր»-ի տեղեկացմամբ՝ մասնագետները ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբեան» բնապահպանական կենտրոնի մասնագետների հետ միասին ուսումնասիրություններ են կատարել արգելոցի այրված մի շարք տեղամասերում, իրականացրել փաստագրումներ և գնահատումներ:

Հիդրոլոգ Դանա Բաթլերը նշել է, որ գնահատելու են ռիսկերը` հետագայում հրդեհները կանխարգելելու նպատակով:
Սեպտեմբերի 13-ին խումբը մեկնել է Արտավանի անտառներ` տեղում վիճակին ծանոթանալու նպատակով: Ըստ Միացյալ Նահանգների անտառային ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեի` ԱՄՆ մասնագետների խումբը կգնահատի վնասները և կտրամադրի կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական օժանդակության առաջարկներ: ՀՀ և ԱՄՆ կառավարություններին տրամադրվելիք եզրակացությունը հիմք կարող է հանդիսանալ նաև տեխնիկական աջակցության համար: