Search
Close this search box.

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը որոշել է դիմել ՄԻԵԴ

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը որոշել է Ադրբեջանական կառավարության դեմ հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Ազատության» հայցը կապված է լինելու շուրջ 3 տարի շարունակ Ադրբեջանի կառավարության կողմից ռադիոկայանի բնականոն աշխատանքներին խոչնդոտելու հետ:
«Մենք չկարողացանք հասնել նրան, որպեսզի վերացվեն Ադրբեջանի արդարադատության կողմից մեր դեմ հարուցված մեղադրանքները: Այդ մեղադրանքներն անհիմն են, և հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավասու է Ադրբեջանի վերաբերյալ վճիռներ կայացնել, որոշեցինք դիմել ՄԻԵԴ»,- նշել է ռադիոկայանի ներկայացուցիչ Թոմաս Կենտը:
Ադրբեջանի իրավապահ մարմինները 2014-ին կատարված ստուգումների արդյունքում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նկատմամբ հարուցել էին մի շարք գործեր հարկային պարտականությունները պատշաճ չկատարելու մեղադրանքներով: «Ազատություն» ռադիոկայանը դրանից հետո բազմից հայտարարել է, որ այդ մեղադրանքներն անհիմն են:
«Ռադիոկայանը կիրառել է Ադրբեջանի արդարադատության համակարգում հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի հանվեն այդ անհիմն մեղադրանքները, սակայն ապարդյուն. Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահպանել դրանք»,- ասել է նա:
ՄԻԵԴ ներկայացվելիք հայցում բարձրացվելու են կառույցի իրավունքների ոտնահարման խնդիրները, որոնք ամրագրված են 6.1 «Արդար դատաքննության իրավունք» և 13-րդ «արդյունավետ իրավական միջոցների իրավունք» հոդվածներով:
Հարկային պարտականությունները պատշաճ չկատարելու անհիմն մեղադրանքներից բացի՝ Ադրբեջանի կառավարությունը 2017-ի գարնանը արգելափակել է «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային կայքը:
Ռադիոկայանի կայքի առգելափակումը ադրբեջանական կառավարությունը հիմնավորել է ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների վերացմանն ուղղված գործողություններով և կայքում ծայրահեղական նյութերի հրապարակման հանգամանքով:
Ռադիոկայանը կայքի արգելափակման հետ կապված դիմել է դատարան, սակայն վարույթ դեռևս չի սկսվել: