Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի խոստացած անվտանգ Հայաստանը դարձել է ՏԵՑԻ կռուգ ու Թոխմախի գերեզմանոց

Տևական ժամանակ է, որ հանրությունը չի հասցնում մարսել այս կամ այն մարզում կատարված վենդետան, քրեածին սպանություններն ու մեկ էլ հանկարծ նոր սպանություն: Նախ Շամիրամի դեպքերը, երբ սգո սրահը համատարած կրակահերթի տակ էր, հազիվ թե հասցրել էին գտնել հանցագործին ու մեկ էլ հանկարծ նոր սպանություն Արմավիրի մարզում` գողական, քրեական աշխահը խառնվել էր իրար. սպանում ու սպանում են:

Դեռ ամբողջությամբ չենք կարողացել հասկանալ, ի վերջո, քրեածին ինչ տարրեր էին խառնված այս սպնության հետևում ու առջևում, մեկ էլ հանկարծ հերթական սպանությունը: Այս անգամ քրեածին տարրերն Ալավերդուց իրենց թիմով տեղափոխվել են մայրաքաղաք ու ոչ ավել, ոչ պակաս Երևանի Կենտրոնում, օրը ցերեկով կրակում են: Սա միայն վերջին մի քանի օրերի ոչ ամբողջական հանցավոր պատկերն է:

Իրողությունը, որում ապրում ենք մենք` Հայաստան կոչված «զոնում», արդյունք է իրավապահ համակարգի և արդարադատության չգոյության, գողականի ու իշխանության սերտաճման:

Ժամանակին Վովա Գասպարյանի «Հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛» արտահայտությունը համարյա հանճարեղ ճշգրտությամբ բնորոշում է մեր իրականությունը, որովհետև ոչ միայն պատգամավորներին, այլ իշխանական համակարգում ազդեցիկ կշիռ ու դերակատարում ունեցող համարյա բոլոր կերպարներին անխտիր այս հարցը կարելի է ուղղել:

Վերջապես ո՞վ են նրանք՝ պատգամավո՞ր, նախարա՞ր, վարչապե՞տ, գեներա՞լ, քաղաքապե՞տ, մարզպե՞տ, ոստիկա՞ն, մեծահարու՞ստ, իշխանավորի մերձավո՞ր, թե՞ գողական: Այս հարցը վստահաբար չունի միանշանակ պատասխան, որովհետև մեր իրականության մեջ և՛ պատգամավորը, և՛ քաղաքապետը, և՛ նախարարը և՛ գեներալը, և՛ քաղաքական գործիչը, և՛ գործարարը շատ դեպքերում կարող է միաժամանակ նաև թաղային հեղինակություն և գողական լինել, ով լրջագույնս մասնակցում է նախ ընտրությունների կազմակերպման, ապա նաև իշխանության ձևավորման գործընթացին:

Գողականները Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգում ունեն իրենց առանձնահատուկ տեղն ու դերը: Հայաստանում գողականները վերջին տասնամյակում դարձել են իշխանություն, իշխանության ներկայացուցիչներն էլ` գողական:

Սերժ Սարգսյանի ու իր թիմի խոստացած անվտանգ Հայաստանն ամեն օր ավելի վտանգավոր է դառնում, կրակահերթը կախվել է մեր գլխին: Ժամանակն է, որ երկրի թիվ մեկ պատասխանատուն` Սերժ Սարգսյանը անվտանգության խորհրդի նիստ հրավիրի, այլապես գողականները Հայաստանի ամեն անկյուն վերածում են Տեցի կռուգի ու Թոխմախի գերեզմանոցի:

ArmLife.am