Search
Close this search box.

Ավտովթարն ու վրաերթը իրարից չտարբերող ԿԳ փոխնախարարը անցել է լուրջ հասկացողությունների

Կրթության ու գիտության նորանշանակ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, պարզվում է, Անահիտ Բախշյանին որպես կրթության փորձագետ չի ճանաչում։

«Ես այդպիսի մարդ չեմ ճանաչում, որ կրթության ոլորտի փորձագետ լինի ձեր մատնանշած սուբյեկտը։ Այդպիսի ավագանու անդամ ճանաչում եմ։ Եվ բոլորս քաջածանոթ ենք, որ այդ սուբյեկտն ընդամենը վերջերս ազատվեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վահրամ Մկրտչյանը: Լրագրողները հորդորեցին հարգանքով խոսել Անահիտ Բախշյանի մասին, ինչին ի պատասխան ԿԳ փոխնախարարն ասաց, որ սուբյեկտը վատ բան չէ։
«Բայց քաղաքական սուբյեկտ եմ ասում, վա՞տ բան եմ ասում։ Սուբյեկտը, դա լուրջ հասկացողություն է՝ սուբյեկտ, քաղաքական սուբյեկտ»,-փորձեց բացատրել փոխնախարարը։
Նրա խոսքով՝ Անահիտ Բախշյանը կրթության փորձագետ չէ, պաշտոնյա է և ինքը նրան ճանաչում է որպես քաղաքական գործիչ։
Անահիտ Բախշյանը, հիշեցնենք, պահանջում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականը, քանի որ նա ոսկե մեդալ է շնորհել Հրազդանի քաղաքապետի որդուն, որը ամիսներ առաջ ավտովթարի էր ենթարկել մի տղամարդու՝ դառնալով նրա մահվան պատճառը։ Վահրամ Մկրտչյանը Լևոն Մկրտչյանի հետ միասին նույն տրամաբանությամբ է արդարացնում, որ այդ դեպքը քաղաքապետի անչափահաս որդու գիտելիքների հետ կապ չունի։
ՀԳ.Վերջերս թերևս այնքան խոսվեց հայոց լեզվի տկարության ու հարստության մասին, որ ԿԳ փոխնախարարը լեզվական ցայտնոտի մեջ է հայտնվել, լուրջ հասկացողություններ է սկսել կիրառել.փաստորեն ԿԳ նախարարությունը հետայսու կարելի է կոչել սուբյեկտի նախարարություն, հետն էլ կլրջացնենք այդ նախարարությունը, և ԿԳ սուբյեյտը ավտովթարն ու վրաերթը իրարից կտարբերի: