Search
Close this search box.

Դոլարը «փախչում» է բանկերից.ՀՀԿ-ն ապահովագրո՞ւմ է իրեն

Այս օրերին հայաստանյան բանկերում հրաժարվում են դոլարի վաճառք իրականացնել: Դա անչափ հեշտ է պարզել մի քանի բանկերում շրջայց անցկացնելուց հետո: Բանկերը, լավագույն դեպքում, սահմանափակ քանակով դոլար են վաճառում մշտական հաճախորդներին: Թե ինչու են հայաստանյան բանկերը նման քաղաքականություն որդեգրել, ունի արդյո՞ք դա օբյեկտիվ պատճառներ, թե թելադրված է օրինակ՝ ԿԲ կողմից՝ դժվար է ասել, սակայն մի բան ակնհայտ է՝ հայաստանյան բանկերում դոլարի դեֆիցիտը համընկավ երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ: Գաղտնիք չէ, որ ցանկացած նման քաղաքական իրադարձություն և տրանսֆորմացիա հանգեցնում է երկրից կապիտալի արտահոսքին:

Մեր երկրի պարագայում այդ պրոցեսը ավելի ցայտուն պետք է արտահայտվեր, հաշվի առնելով այն, որ մեր երկրում կապիտալը և քաղաքականությունը վաղուց սերտաճել են միմյանց: Բացի այդ թավշյա հեղափոխությունից հետո լուրեր են պտտվում, որոնք կապիտալի տերերին մտածելու լուրջ առիթ են տալիս: Բանն այն է, որ ԵՀՄՖ-ն հայտարերել է, որ ունի հնարավորություն՝ սառեցնելու Սերժ Սարգսյանի և որոշ հայտնի խոշորագույն կոռուպցիոներների բանկային հաշիվներն օֆշորներում: Ասել է թե՝ արևմուտքը պատրաստվում է նստել Սարգսյանի և այլ կարկառուն հանրապետականների «պոչին» և ջրի երես դուրս բերել նրանց կեղտոտ գործարքները: Հիշեցնենք, որ Սարգսյանին մոտ կանգնած գործարարներից Սամվել Կարապետյանը արդեն իսկ ԱՄՆ ֆինանսների նախարարության կազմած Կրեմլյան սև ցանկում է: Չի բացառվում, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո պատժամիջոցներ կիրառվեն Սարգսյանի ռեժիմի կենսունակությունը այսքան տարի ապահոված մյուս օլիգարխների նկատմամբ: Եվ գուցե հայաստանյան բանկերից դոլարի փախուստը պայմանավորված է հանրապետական կուսակցության և հատկապես նրա օլիգարխիկ թևի նման մտահոգությամբ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության մաս կազմող մեծահարուստների համար վերանում են նախկինում գործող երաշխիքները, հետևաբար օր առաջ անհրաժեշտություն է առաջանում մտածել այս տարիների ընթացքում կուտակած, եթե չասենք տակից՝ գողացված գումարները նույն կերպ էլ երկրից դուրս բերելու մասին: Իսկ ի՞նչ հետևանքներ այս ամենը կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար, որը այս պահին գտնվում է թեև կայուն, սակայն տրանսֆորմացիոն շրջափուլում և ցանկացած ազդակ, այն էլ բացասական կարող է լրջագույն ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության և հատկապես գործարար առողջ միջավայրի պահպանման վրա: Առաջին հետևանքը կարող է լինել գնաճը, երկրորդը՝ դրամի արժեզրկումը և փոխարժեքի կտրուկ տատանումները: Դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ ու տեսանելի տատանում վերջին անգամ գրանցվել է 2014 թվականի տարեվերջին՝ դեկտեմբերին։ Ամենասկզբում դրամի որոշակի արժեզրկում գրանցվեց։ Դա մեկնաբանվեց որպես Ռուսաստանից եկող ազդակների, ռուսաստանյան ռուբլու արժեզրկման անուղղակի հետևանք։ Դրան զուգահեռ Հայաստանի ֆինանսական շուկայում իսկական խուճապ առաջացավ։ Դրամը մի քանի օրում կտրուկ արժեզրկվեց։ Մտածելով, որ գնալով դոլարն ավելի կթանկանա` մարդիկ շտապեցին իրենց մոտ եղած դրամը փոխարինել դոլարով։ Բանը հասավ նրան, որ շատ փոխանակման կետեր ու բանկեր հրաժարվում էին դոլար վաճառել՝ պատճառաբանելով, թե շուկայում արդեն դոլարի դեֆիցիտ է առաջացել։

Այսօր ստեղծված իրավիճակը սակայն հասարակության շրջանում առաջացած խուճապով դժվար է պայմանավորել: Նաև այն պարզ պատճառով, որ խուճապի համար չեղան քիչ թե շատ էական պատճառներ: Որքան էլ զարմանալի է, օրերս տեղի ունեցող իրադարձությունները որևէ բացասական ազդեցություն չունեցան ոչ միայն դրամի կայունության, այլև՝ տնտեսության վրա։ Դա խոսում է այն մասին, որ նշված իրադարձությունները հասարակության և տնտեսության կողմից դրական են ընկալվում։ Այսինքն՝ որևէ բացասական սպասում չկա, իսկ ահա հանրությանը թալանած օլիգարխիան իրոք հայտնվել է ցայտնոտային իրավիճակում՝ շտապելով փրկել «գողոնի» առյուծի բաժինը:
topnews.mediamall.am