Search
Close this search box.

Չեխիայում ՀՀ դեսպանի արձագանքը ArmLife.am կայքի հրապարակմանը

Սիրելի չեխաբնակ հայրենակիցներ,

Երկար մտածեցի, արձագանքեմ սոցիալական ցանցերում armlife.am՝ իմ համար անհայտ կայքի հրապարակմանը վերաբերող քննարկումներին, թե ոչ, բայց քանի որ դրանք շարունակվում են, որոշեցի կիսվել իմ կարծիքով, որը ձեզ չեմ պարտադրում։
Որպես Պրահայում ՀՀ դեսպանության բակում՝ անցած կիրակի, ապրիլի 22-ին, տեղի ունեցած բողոքի ակցիայի և դրա ընթացքում պատահած միջադեպի ականատես, նույնիսկ՝ որոշ չափով մասնակից, ցանկանում եմ հայտնել, որ armlife.am-ի նյութը, դրանում ներկայացված տեսանյութը, կտրված են կոնտեքստից, ավելին՝ այդ տեսանյութում չկա միջադեպի սկիզբն ու ավարտը, որպեսզի որոշվի, թե ով է սկսել այն, ով է ճիշտ, ով սխալ, և կարծում եմ, դրա կարիքն այլևս չկա էլ։ Գրում եմ ոչ այն պատճառով, որ դեսպանության հյուպատոս Դավիթ Ղուկասյանն իմ գործընկերն է և ընկերը։ Չեխիայում աշխատած իմ տարիների ընթացքում միջադեպի մյուս մասնակիցները ևս իմ մտերիմներն են դարձել և ես, ստեղծված իրավիճակում, պարտավոր եմ հնարավորինս սառնասիրտ և անաչառ լինել, քանզի «պղտոր ջրում ձուկ որսացող» անհայտ անձիք և ամբողջ տեղեկատվությանը չտիրապետող մարդիկ, նաև իմ բարեկամների և ծանոթների շրջանակից, շարունակում են անպատեհ քննարկումները։
Մենք, հայերս, տաքարյուն, շուտ բռնկվող (հատկապես համաժողովրդական ցասման պայմաններում), բայց միաժամանակ խոհեմ ազգ ենք։ Փառք Աստծո, որ Չեխիայի հայ համայնքում կան հեղինակավոր և սթափ մտածող մարդիկ, որոնց միջամտությամբ միջադեպը հարթվել է։ Ինքս՝ ևս անձամբ զրուցել եմ դրա մասնակիցների հետ և հասկացել, որ ընդամենը պահն է ծնել կրքեր, որևէ լուրջ խնդիր չկա և փոխադարձ հարգանքը վերականգնվել է։ Համոզված եմ, որ միջադեպի բոլոր կողմերը պարտավոր էին զսպվածություն ցուցաբերել և կրքերը չբորբոքել։
Ըստ այդմ, կոչ եմ անում դադարեցնել անհեռանկարային քննարկումները, հատկապես այն մարդկանց կողմից, ովքեր չեն էլ մասնակցել այդ բողոքի ակցիային և ներկա չեն եղել այդ ցավալի միջադեպին։
Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի հայ համայնքին, որ վերջին օրերին արտահայտեց իր ցասումն, իր կամքը և իր ձայնը միացրեց Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, միաժամանակ զսպված և պատճառաբանված վարքագիծ դրսևորեց այստեղ (միգուցե՝ բացառությամբ նշված միջադեպի)։ Ապրիլ 24-յան միջոցառումները մեր միասնականության վառ ապացույցն են։ Ինչպես միշտ՝ հպարտ եմ ձեզանով։
Հայ ժողովուրդը միասնական ջանքերով կարողացավ ապացուցել, որ ժողովրդավարությանն այլընտրանք չկա։ Այսօր պահն է, որ մեր ուժերը համախմբենք՝ ազատ, ժողովրդավար և բարեկեցիկ հայրենիք կառուցելու հարցում։
Ինչ վերաբերում է դեսպանության կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների որակին, ապա ես մշտապես նախանձախնդիր եմ եղել և մնում դրա նկատմամբ, քանի որ շուրջ 19 տարի աշխատել եմ այդ բնագավառում։ Դեսպանության հյուպատոսական բաժնում տարիներ փակցված է ՀՀ ԱԳՆ «Թեժ գծի» հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, ուր կարելի էր/է հասցեագրել բողոքը։ Դեսպանությունը և անձամբ ես մշտապես պատրաստ ենք քննարկել հյուպատոսական յուրաքանչյուր հարց և խնդիր, բայց ոչ՝ «ինձ ինչ-որ մեկն ասաց, որ…» կամ «լսել ենք, որ…» կամ անանուն բողոքի տարբերակով։ Եթե կա կոնկրետ խնդիր, դժգոհություն կամ թյուրըմբռնում, դիմե՜ք, կպարզենք, փորձենք կարգավորել օրենսդրության շրջանակներում։
Մոտ ապագայում ծրագրում եմ «բաց դռների օր» կազմակերպել դեսպանությունում, լսել ձեր հարցերը և առաջարկությունները։
Շնորհակալություն

Ի դեպ Չեխիայի դեսպանի անդրադարձը առնչվում է ArmLife.am կայքի Ստորագրահավաք` ընդդեմ Չեխիայում Հայաստանի հյուպատոսի հոդվածին:

Իսկ այս գրությունը պարզապես ուղղված է Չեխիայում Հայաստանի հյուպատոսին