Search
Close this search box.

Ինչ է կատարվելու վաղը ԱԺ-ում ու հանրապետության հրապարակում

«Շատ մեծ է հավանականությունը, որ վաղը ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ երեք խմբակցությունները միասնական սատարում են իր թեկնածությունը, իսկ ՀՀԿ-ն ամենայն հավանականությամբ վաղը կողմ կքվեարկի:

Նա նշեց, որ ոչ թե վարչապետի ընտրությունն է կարևոր իրադարձություն, այլ կարևոր իրադարձությունը եղել է օրեր առաջ, երբ ժողովուրդն ապացուցել է, որ ինքն է երկրի տերը: Եվ եթե, ըստ Փաշինյանի, այսուհետ որևէ իշխանություն փորձի լկտիանալ, հոտառությունը կորցնել և տեղը չբերել սեփական ժողովրդին, ժողովուրդը համարժեք պատասխան կտա: Էականն  այն է, որ ՀՀ քաղաքացին, հայ ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակն անշրջելի է:

Նա նշեց, որ վաղն այս հրապարակում պետք է տեղի ունենա մի հսկայական տոնախմբություն, ժողովուրդը պետք է տոնի իր հաղթանակը: Նա բոլորին կոչ արեց առավոտյան ժամը 11:00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում, բողոքի որևէ տրամադրություն չունենալ, փողոց չփակել, հավաքվել հրապարակում ու տոնել սեփական հաղթանակը:

«Տոնել հաղթանակը հուսահատության, արտագաղթի, անորոշության նկատմամբ: Հիմա այլևս որոշակի է, որ մեր երազանքներն սկսում են իրականանալ, որովհետև մենք այլևս չենք երազում ազատ ու երջանիկ Հայաստանի մասին, մենք այսօր ապրում ենք ազատ ու երջանիկ Հայաստանում: Եվ ուրեմն վաղը բոլոր մարզերից ՀՀ քաղաքացիները հավաքվում են Հանրապետության հրապարակում՝ հստակ արձանագրելու, որ իրենք են տերը մեր երկրի»,- ասաց նա:

Հանրապետության հրապարակում, ըստ Փաշինյանի, քաղաքացիները կարող են ուղիղ հեռարձակմամբ հետևել ԱԺ նիստին: Իսկ նիստից անմիջապես հետո Փաշինյանն ու Ելքի մյուս պատգամավորները, անկախ արդյունքներից, հրապարակում կմիանան ժողովրդին: Նա կոչ արեց վաղը Բաղրամյան պողոտա չգնալ: