Search
Close this search box.

Մենք գործ ունենք մեկի հետ, ում համար զակուսկու ասորտին սեփական բուշլատի թևն է

Զավեշտալի է հայ-չինական ռազմական համագործակցութան վերաբերյալ ռուսական «վերլուծական» արձագանքը: Այն գնահատվեց «էլ շանտաժ ՌԴ նկատամբ, էլ Ռուսաստանից ավելի էժան ու շատ զենք ձեռք բերելու մեսիջ, Չինաստանի մասով էլ, իբր, ոչ թե հետաքրքրություն փոքր Հայաստանի նկատմամբ, այլ’ զենքի գովազդ և այլն»:

Անկեղծ կարելի է զարմանալ, որ դասական քաղաքագիտության ոլորտում բավական լավ տեսաբաններ ունեցող Ռուսաստանի վերլուծական միտքն ու վերլուծաբանները կարող են այդքան տափակ մտքեր արտահայտել, աշխարհաքաղաքականության մասին այդքան տկար պատկերացումներ ունենալ և զբաղվել բացառապես քարոզչությամբ:
Ամեն ինչի մեջ ՌԴ դեմ համաշխարհային դավադրություններ փնտրող կոնսպիրոլոգները այդպես էլ չկարողացան դուրս գալ այդ տիրույթից: Սեփական ապիկար քաղաքականությունն էլ ներկայացնելով իբրև բիզնես’ մյուսների գեոստրատեգիական պլաններն էլ են դիտարկում այդ հարթության մեջ: Այն, ինչ Մոսկվայում համարում են դավադրություն, շատ բնական քաղաքական գործընթաց է, որովհետև քաղաքականությունը միայն կոգնիտիվ չի լինում: Ասենք, բնական չէ, որ, օրինակ, գլոբալ լիդերության ձգտող ԱՄՆ պետք է հնարավորինս չեզոքացնի մրցակիցներին և ձեռք բերի դաշնակիցներ:
Եվ մինչ ռուսները զբաղված են մութ ուժեր որոնելով ու դրանց միֆոլոգիզացնելով, նախկին ԽՍՀՄ երկրների համար դավադրությունների տեսության ինֆորմացիոն տարածություններ ստեղծելով, իրենց մրցակիցները, ստրատեգիաներ մշակելով, այդ երկրների համար ռացիոնալ ու գրավիչ համակործակցության դաշտ են ստեղծում:
Ինչևէ, եթե մինչև հիմա Մոսկվայում համարում են, որ Հայաստանը Չինաստանին չի հետաքրքրում և ռազմական համագործակցությունն էլ ուղղակի վերջինի կողմից սեփական զենքերի գովազդ է, ուրեմն դեռ երկար են մնալու կավե ոտքերով հսկայի կարգավիճակում և տառապելու չինքնաիրաման սինդրոմով: Չհասկանալ Չինաստանի աշխարհաքաղաքական հեռահար նպատակներն ու Հայաստանի կարևորությունը դրանց իրագործման մեջ, այն պատճառները, թե ինչու է փոքրիկ Հայաստանին կարևոր նշանակություն տրվում և զբաղվել վերլուծություններ անելով, նույնն է, որ սամագոնչիկը քննարկի սպիրտ ստանալու բարձր տեխնոլոգիաների հարցը:
Իսկ երբ հայ-չինական հարաբերությունների խորացումը դիտարկվում է իբրև Երևանից Մոսկվային ուղղված «էժան ու շատ զենք գնելու» մեսիջ, ապա մենք գործ ունենք պախմելի տակ ծերացած մեկի հետ, ում համար համադամ զակուսկու լավագույն ասորտին սեփական բուշլատի թևն է:
Դուք իսկապես այդպես եք մտածում, որ ուրիշ պատճառներ չկան, թե կարևորը առիթ լինի, իսկ պատճառներ որոնելը վնասում է փսևդոքարոզչությանը:
Աշխարհաքաղաքականության վերաբերյալ հենց նման պատկերացումներն էին պատճառը, որ այսօր ռուսական ռազմաբազաները ոչ թե Կարսում ու Արարատի լանջին են, այլ Գյումրիում ու Արարատյան դաշտում, իսկ Նախիջևանն էլ դարձել է դարավոր մրցակից Թուրքիայի կովկասյան պատվարը:
Ավելին’ ՀԱՊԿ-ի անդամի վրա կրակում են, որ նույնն է’ Մոսկվայի վրա են կրակում, խրախուսվում է’ Բաքվին նորանոր զենքեր մատակարարելով, որն անմիջականորեն ապտակում է իր միջազգային հեղինակությանը, հետն էլ ձգտում է գլոբալ լիդերության:
Ինչպես Մարքսն էր ասում. «Քաղաքականության մեջ, հանուն նպատակի, կարելի է նաև դաշնակցել գրողի հետ, բայց պետք է դու կարողանաս այդ գրողին տանել, այլ ոչ թե գրողը քեզ տանի»: Դե, իսկ ԵԱՏՄ չորսուկես անդամներն էլ տասը հակասական դիրքորոշում ունեն գրեթե բոլոր հարցերով:
Մյուս կարևոր հանգամանքը. այդ ինչպես եղավ, որ սեփական դաշնակցին ոչնչացել ցանկացող Ադրբեջանին գերժամանակակից մահաբեր զենքեր վաճառելն ընդամենը բիզնես է, իսկ դաշնակցի կողմից իր իսկ գոյապահպանական շահը պաշտպանելը, որը ֆիզիկական գոյությանն ուղղված քայլերի, միջոցառումների ամբողջություն է, և որի գլխավոր սպառնալիքը Ադրբեջանին վաճառած ահռելի քանակությամբ զինտեխնիկան է, համարվում է շանտաժ:
Վերջապես, երբ նեղն են ընկնում, ապավինում են Չինաստանի օգնությանը, երբ, գրեթե մի ամբողջ մայրցամաքի չափ տարածք ունենալով, դարձել են համաշխարհային մարգինալ, աուտսայդեր, Պեկինը լավ ընկեր է, բայց վերջինի հետ իր դաշնակիցների կապերը միայն շանտաժ են ու դավադրություն: