Search
Close this search box.

ՀՀԿ-ն առաջադրեց Ծաղկաձորի օլիգարխիկ պետություն վարչապետին

“ՄերժիրՍերժին՛՛ շարժումը որպես գաղութացումից ազատվելու հայաստանյան գանդիզմ:
“Ծաղկաձորի պետությունը” հայ ժողովրդի երրորդ պետություն:

Ազատության հրապարակում հայտարարվել է, որ “Մերժիր Սերժին՛՛ ՛՛շարժման մասնակիցներից յուրաքանչյուրը, ով անկախ պայմաններից բռնության փորձ կանի՝ ինքն իրեն դուրս է դնում շարժման մասնակցի իրավունքից՛՛: Շարժումը, սակայն, շատ ավելի հզոր է, քան Ազատության հրապարակում հավաքված ՛՛քայլ անող՛՛ բնակչությունը: Այն, ըստ էության, ընդգրկում է միջին և աղքատ բնակչությանը: ՈՒշագրավ է, որ այս խաղաղ, բռնության ձևերն արգելող շարժումները շատ ավելի ազդեցիկ են դառնում, քան մինչ այժմ եղած բողոքավոր շարժումները: Հնարավո՞ր է, որ Հայաստանն ինքնամաքրվելու է գանդիզմի ճանապարհով:

Վարչապետի իր թեկնածուին առաջադրելու գործողությունն իրականացնելու համար այսօր ՀՀԿ-ն ընտրեց ՛՛այլ տարածք՛՛՝ թաքուն (գաղտնի) պահելով թե նիստի վայրը, թե ժամանակը: Փաստացի ինքնարտաքսված պայմաններում: Վախեցա՞վ իր հայրենիքում, իր գրասենյակում անց կացնել իր գործողությունը: Պատմությունն, անշուշտ, կարձանագրի, որ սա փախստական ՀՀԿ-ի նիստն էր (թե՞ ՀՀԿ-ի փախստական նիստը):
Ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ն առայժմ փախստական դառնալու որևէ անհրաժեշտություն չուներ, թերևս փախստականի ինքնարնհրաժեշտություն էր զգում վարչապետության թեկնածուն, բայց ՀՀԿ-ի վարչությունն ինքն իրեն ինքնանույնակացրեց իր թեկնածուի հետ: ՀՀԿ-ի շարքային անդամնեի մի մասը, գուցե, համաձայն չէր սրա հետ, մի մասը, թերևս, նույնիսկ չգիտի այս ամենի մասին:

Ումի՞ց էր թաքնվում, բռնության բոլոր ձևերը մերժող “Մերժիր Սերժին՛՛ շարժումի՞ց, ՀՀ-ի իշխանության իրավատիրոջից՝ ՀՀ-ի ժողովրդի՞ց: Թե՞ իր փոքրացած հայրենիքում վերջնականապես ընտրեց իր ՛՛փոքրագույն հայրենիքը՛՛՝ Ծաղկաձոր քաղաքը: Կարծեք թե Ծաղկաձոր քաղաքի քաղաքապետի թեկնածություն էին առաջադրում: Ծաղկաձորը վաղուց է ընտրվել Հայաստանի օլիգարխիկ կուտակումների համար: Այստեղ են նրանց թանկարժեք, ազդեցիկ հյուրանոցները, առանձնատները, սպորտային համալիրները, զվարճանքի բազմաթիվ վայրերը, այստեղ է հրավիրվում արտաքին և ներքին ՛՛էլիտար զբոսաշրջությունը՛՛, այստեղով խոշոր փողեր են հոսում, և այստեղ փաստացի շեշտված ընդդիմադիր բնակչություն չկա: Եղած փոքրաթիվ բնակչությունը սպասարկում է ՛՛թանկագին հյուրերին՛՛: Ծաղկաձորը, կարելի է ասել, արդեն իսկ հայկական օլիգարխիայի սեփականությունն է: Գուցե՞ “Մերժիր Սերժին՛՛ շարժումը հայտարարի, որ ինքը համաձայն է հայկական օլիգարխիայի ընտրությանը և Ծաղկաձորը պետության կարգավիճակով հանձնում ՀՀԿ-ի իշխանությանը՝ հայրենիքի մնացած մասում ընտրություններ կազմակերպելու և ՀՀ-ում ժողովրդի իշխանություն ստեղծելու պայմանով: Հանձնեց, չէ՞, Իտալիան Հռոմի մի մասը պետության կարգավիճակով Վատիկանին: Կունենան Ծաղկաձորի պետություն: Կարելի է ասել՝ առաջին քայլն արել են,առաջադրել են “Ծաղկաձորի պետության” առաջին վարչապետի թեկնածուին: Շատ ուզենան՝ կարող են անվանել նաև “Ծաղկաձորի օլիգարխիկ պետություն”: Պատկերացնու՞մ եք, կընտրեն իրենց իշխանությունը առանց ՛՛արտաքին բողոքների՛՛, իրենց ոստիկանությունը, կկազմավորեն իրենց պետական բյուջեն, իրենց հարկային մարմինները, իրենց ԴԱՀԿ-ը, իրենց պետական կարիքների համար կօտարեն իրենց ունեցվածքը և այլն: Միակ պայմանը՝ իրենց հետ տանեն ՀՀ արտաքին պարտքը: Ի վերջո այդ պարտքը իրենց վրա է ծախսվել և մասամբ ՛՛թաղվել՛՛ և կասկածելի բիզնես ծրագրերով հարություն է առել հենց Ծաղկաձորում: