Search
Close this search box.

Պաղպաղակի շուկայում ՍԱՊԾ-ը մի շարք խախտումներ է արձանագրել

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, առաջնորդվելով ստուգումների տարեկան ծրագրով, պաղպաղակի արտադրության ոլորտում առկա ռիսկերով եւ ստացված ահազանգերով, հուլիսի սկզբից սկսած Երեւան քաղաքում եւ հանրապետության մարզերում պետական վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:

Ինչպես տեղեկացնում են ՍԱՊԾ-ից, ստուգումներ եւ դիտարկումներ են իրականացվում ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում 01.06.2017 թ. դրությամբ գրանցված՝ պաղպաղակի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող 19 տնտեսավարող սուբյեկտների մոտ, այդ թվում եւ՝ փափուկ պաղպաղակ իրացնող տնտեսվարողների մոտ:

Պետական վերահսկողության ընթացքում արձանագրվել են ինչպես փաստաթղթային-մակնշման, այնպես էլ լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատված խախտումներ: Հիմնական խախտումներ են՝ մակնշման, հումքի եւ փաթեթավորող նյութերի փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, համապատասխանության գնահատման ընթացակարգերի եւ աշխատակիցների նախնական ու պարբերական բժշկական զննությունների խախտումներ, սանիտարահիգիենիկ պահանջները չպահպանելու դեպքեր:

Մակնշման եւ փաստաթղթային անհամապատասխանությունները հիմնականում պայմանավորված են Եվրասիական տնտեսական միության սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող տեխնիակական կանոնակարգերի պահանջների կիրառմամբ, որոնց հիմքով կասեցվել է մի շարք արտադրողների ինչպես պատրաստի արտադրանքի իրացումը, այնպես էլ հումքի օգտագործումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ արտադրողների մոտ դեռեւս առկա է ԵԱՏՄ պահանջներին չհամապատասխանող մակնշմամբ փաթեթավորող նյութերի մնացորդ, պատրաստի արտադրանքի մակնշման անհամապատասխանություննեը հանձնարարվել է վերացնել կրկնապիտակների միջոցով:

Պետական վերահսկողության շրջանակներում ապրանքատեսակներից նմուշներ են վերցվել եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որոնց արդյունքների հիման վրա կասեցվել են հինգ պաղպաղակ արտադրողների՝ «Թամարա եւ Անի» ՍՊԸ, «Ա. Ավետյանի Ա.Ս.Ա» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «Ոսկե Պինգվին» ՍՊԸ, «Արմսվիթ» ՍՊԸ արտադրական գործընթացի առանձին գործառույթներ: Տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված պաղպաղակի խմբաքանակները օգտահանման կամ ոչնչացման նպատակով հետ են կանչվել շուկայից: Լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նաեւ ներկրված երկու արտադրատեսակներ՝ «Золотой стандарт», «Кореновский молочно-консервный комбинат»-ի պաղպաղակները, որոնցում անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փափուկ պաղպաղակի բացօթյա առեւտուրն արգելվում է՝ Ծառայությունը իրականացրել է շրջայցեր եւ կասեցրել այդպիսի մի քանի վաճառք: Մյուս դեպքերում՝ փափուկ պաղպաղակներից կատարվել են նմուշառումներ, որոնք գտնվում են դեռ լաբորատոր փորձաքննության փուլում:

Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, դրանց նկատմամբ Ծառայության կողմից սահմանվել է հսկողություն: Մի քանի տնտեսվարող սուբյեկտների մոտ պետական վերահսկողության միջոցառումները դեռեւս գտնվում են ընթացքի մեջ: