Search
Close this search box.

Փյունիկի դպրոցում սեպտեմբերի 1-ից դասադուլ է. ՄԻՊ-ն անդրադարձել է խնդրին եւ դիմել պատկան մարմիններին

Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առիթով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ:

Ինչպես  ArmLife.am-ին  տեղեկացնում են ՄԻՊ-ից՝ խնդիրը քննարկվել է ՀՀ կրթության եւ գիտության, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների հետ: Ուղարկվել են համապատասխան գրություններ:

«Սեպտեմբերի 1-ից խաթարված է ուսումնական գործընթացը Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում: 44 աշակերտները հրաժարվում են դպրոց հաճախելուց՝ դժգոհելով տրանսպորտային դժվարություններից, որոնք առաջ են գալիս հատկապես 5-6 ամիս ձգվող ձմռան ընթացքում: Այս հարցերը պետք է դառնան կառավարության իրավասու մարմինների կողմից մանրամասն քննարկման առարկա:

Ստեղծված իրավիճակում վտանգվում է Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոց հաճախող երեխաների կրթության երաշխավորված իրավունքը: Պետությունը պարտավոր է երաշխավորել  կրթության հավասար հնարավորություններ, մատչելիություն եւ շարունակականություն:

Այս առումով երեխայի շահերը պետք է լինեն առաջնահերթ ուշադրության առարկա»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ: