Search
Close this search box.

Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը

Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերին: Այս մասին գրում է Sputnik Արմենիան։

Նշենք, որ Կիրանց գյուղի մոտ գտնվող տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո հայ ֆերմերները կորցնում են իրենց դաշտերի մի մասին հասնելու հնարավորությունը։ Ճանապարհն անցնում է նախկին Խերիմլի գյուղով և լինելու է ադրբեջանական վերահսկողության տակ։

«Ձեր բարձրացրած հարցին հնարավոր կլինի անդրադառնալ սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կքննարկվեն նոր ճանապարհների կառուցման հարցերը», — լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նշենք, որ այս շրջանում գյուղին է պատկանում մոտ 60 հա հողատարածք (որից մշակվում է մոտ 45 հա): Այդ տարածքը գյուղացիներն առաջարկում էին փոխանակել Բաքվին հանձնվող կամրջի և գյուղին ամենամոտ տարածքի հետ, սակայն նրանց առաջարկը իշխանությունները մերժեցին։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի հետ սահմանազատման շրջանակներում Կիրանցի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջ, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի մի հատվածը և, նախնական տվյալներով, ավելի քան 50 հողամաս, անցնում են Ադրբեջանին։ Իսկ նոր սահմանն անցնելու է դպրոցի նոր շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։