Search
Close this search box.

«Հայաստանը պետք է ռազմական գործողություններ ձեռնարկի». ի՞նչ է հուշում ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը

ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցը կամ դրանում արցախյան խնդրին անդրադարձը, Հայաստանում դարձել է բավականին մեծ ուշադրության առարկա:

Զեկույցի համաձայն՝ 2018 թվականին բավականին մեծ է լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ երկու կողմերը զիջումների գնալու ցանկություն չունեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր միջամտությանը, Ազգային հետախուզության տնօրեն Դանիել Քոութսին նշում է, որ Ռուսատանը կարող է ներգրավվել հակամարտության մեջ իր տարածաշրջանային դաշնակցին պաշտպանելու համար։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց՝ նման կանխատեսումները բոլորովին էլ նորություն չեն և ցանկացած մեկը, ով տիրապետում է իրավիճակին կարող է նման գնահատականներ տալ. «Եթե ունեն հետախուզություն անվանումը, ապա պետք է այնպիսի կոնֆիդենցիալ ինֆորմացիա ունենան, որը փորձագետին հայտնի չի լինի։ Այդ իմաստով, ես ոչ մի նորություն չեմ տեսնում։ Այո՛, Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, այո՛, սահմանին ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարվում է և, այո՛, լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը բացառված չէ։ Ադրբեջանի բանակն արդիականացվում է, հայկական էլ իր հերթին՝ տեղում չի դոփում, բայց հետո՞ ինչ։ Եթե իրենց անունը հետախուզություն է, ապա պետք է հաղորդեն այնպիսի ինֆորմացիա, որը դուք և մենք չգիտենք։ Այդ դեպքում ՝մենք նրանց պետք է վստահենք, եզրակացություններ անենք, քայլեր ձեռնարկենք, որպեսզի հնարավոր չլինեն այն սցենարները, որը հաղորդվում է»,- ասաց Տարասովը։
Մեր զրուցակիցը կարծում է, որ Ալիևի՝ արտահերթ ընտրություններ անկացնելու որոշումը պետք է դիտարկել հենց Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում։ «Գիտեք, որ այդ ընտրությունները պետք է անցկացվեին հոկտեմբերին, բերված բոլոր պատճառաբանությունները հայ, ռուս փորձագետների կողմից՝ այնքան էլ համոզիչ չեն։ Թող հետախուզությունը բացատրի՝ ինչու՞ Ալիևը գնաց այդ քայլին։ Կա մի շատ հետաքրքիր նրբություն՝ գուցե Ալիևը զգուշանում է նաև Թուրքիայից՝ այն կոնտեքստում, որ մինչև հոկտեմբեր Թուրքիայում կարող են հսկայական փոփոխություններ լինեն։ Օրինակ՝ կարող է Էրդողանը պաշտոնանկ արվել, թուրքերը կարող են Սիրիայում տանուլ տալ, և Ադրբեջանն այդ իրավիճակում չունենա այն աջակցությունը, որը կցանկանար ունենալ։ Բացի այդ՝ տեղյակ եք, թե ինչ աղմկահարույց հայտարարություններ է արել Ալիևը՝ այն, որ պատրաստ է վերցնել Երևանը, Զանգեզուրը… հասկանալի է, որ նա այդպիսով հարված է հասցնում խաղաղ կարգավորմանը։ Եվ դրանից ընդամենը օրեր անց Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հայտարարում է, որ ընտրություններից հետո բանակցությունները շարունակվելու են։ Իսկ այդ ինչպե՞ս ես շարունակելու, եթե տարածքային պահանջներ ես ներկայացնում՝ նույնիսկ ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի մասով։ Այս ամենը մեզ մտածելու տեղիք է տալիս, իսկ ամերիկյան հետախուզությունը այդ հարցերին պատասխան չի տալիս՝ ընդամնեը ստատիկ, բոլորին հայտնի հայտարարություններ է անում»,- ընդգծեց Ստանիսլավ Տարասովը։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ զեկույցի գնահատականներին. «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց նաև Ադրբեջանի հետ բիզնես համագործակցություն ունի, այո՛, զենք է մատակարարում Ադրբեջանին։ Այո՛, կա գաղտնի պայմանավորվածություն, որ այդ զենքը չի օգտագործվելու ղարաբաղյան ճակատում, բայց այդ հարցում վստահություն չկա։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, ուշադրություն դարձրեք Մինսկի խմբի համանախագահող երկրներից ամենաակտիվը հենց Ռուսաստանն էր։ Հենց Ռուսաստանն էր, որ հրավիրեց Գլխավոր շտաբի պետերին, Ռուսաստանն էր, որ ուլտիմատում ներկայացրեց՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ և հենց Ռուսաստանն էր, որ վախեցրեց Ադրբեջանին ու գործողությունները կանգ առան, ուստի ի՞նչ հիմքեր կան եզրակացնելու, որ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանն իրեն այլ կերպ կպահի»։ Շարունակելով իր միտքը՝ քաղաքագետը նշեց. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հիմքեր կան ենթադրելու, որ պատերազմի դեպքում՝ խնդիրը միայն Ղարաբաղով չի սահմանափակվի, պատերազմ կլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև անմիջապես… հնարավոր է նաև Թուրքիայի և Իրանի ներգրավվածությունը, չնայած Թուրքիայում էլ հիմա իրավիճակը հանգիստ չի, և միջամտելու ցանկություն չի ունենա»։ «Դիվանագիտական հարթակում Ադրբեջանը տանուլ է տվել՝ անընդհատ մեղադրում է Հայաստանին, բայց իրականում ռազմատենչ հայտարարություններ է անում՝ իռացիոնալ վարքագիծ դրսևորում։ Եթե դուք համարում եք Ղարաբաղի հայերին ձեր քաղաքացիները, ապա ինչո՞ւ եք այդպիսի թշնամական վերաբերմունք դրսևորում, թե ձեզ միայն հողն է պետք՝ հարթավայրեր ու սարեր, ու այդ մարդկանց պատրաստվում եք վռնդել այնտեղից․ կներեք նման սցենար ձեզ ոչ ոք թույլ չի տա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ևս հավանական է համարում լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շիրինյանն ընդգծեց՝ դեռ նախքան այս զեկույցի հրապարակումը ինքը նման սցենարը միանգամայն հավանական է համարում։ «Պատերազմն անխուսափելի է դառնում, և Ալիևն այդ ընտրությունները առաջ է բերել հենց այդ նպատակով։ Ինչո՞ւ է այդ քանակությամբ զենք գնում՝ դա պատերազմի նախապատրաստում է, ուրիշ ոչինչ։ Իրենք խնդիր ունեն՝ հասկանում են, հակամարտությունն ինչքան մնաց, այնքան ավելի կհաստատագրվի, որ Ղարաբաղն անկախ պետություն է, ու այդ է պատճառը, որ գնում է պատերազմի»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա հավելում է. «Ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանն ու Թուրքիան որևէ խնդիր չլուծեցին, այդ խնդիրները մնացել են ու խնդիրը հենց դա է։ Ամերիկյան այդ զեկույցի հետ բացարաձակ համաձայն եմ, բայց խիստ կասկածում եմ, որ Ռուսաստանը Հայաստանին պաշտպանելու է։ Իրենք դասական քաղաքականության իմաստով են նայում, որ դաշնակիցը դաշնակցին պետք է պաշտպանի, բայց Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մեջ վարում է հավասարակշռման քաղաքականություն, Հայաստանին պարտադրում է մի վիճակ՝ Ադրբեջանի ձեռքով։ Չգիտեմ, գուցե իրենք մտածում են՝ Հայաստանն այդ օրերին կդիմի արևմուտքին ու իրենցից շառը հեռացնում են, բայց մենք պետք է մտածենք այդ ուղղությամբ։ Հայաստանը պարտավոր է Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի հետ ակտիվ երկխոսության մեջ լինել»։
Լևոն Շիրինյանը բանաձև է առաջ քաշում. «Դղյակների փոխարեն՝ տանկեր ու հրթիռներ, գիտություն և արդյունաբերություն։ Մենք դիմադրելու ներքին ռեսուրս չունենք, պետք է հասկանալ ու առանց վախենալու անել։ Հայկական կողմն իր մեջ պետք է հաղթահարի ռազմավարական կաշկանդվածությունն ու պատրաստվի պրևենտիվ պատերազմի։ Ինքը պետք է սկսկի պատերազմ ու ունի բոլոր իրավունքները։ Ալիևն օրերս պետական քաղաքական դոկտրին հռչակեց՝ Հայաստանի ոչնչացում։ Սա հայկական կողմին իրավուքն է տալիս պատերազմական և ոչ պատերազմական պահին ձեռնարկել ռազմական գործողություններ։ Մեր բանակը պետք է շարժվի Կուր-արաքսյան խառնարան, այլապես հարցը չի լուծվի»,- եզրափակեց քաղաքագետը։
1in.am