Search
Close this search box.

Գեներալի վերադարձը. Ահազանգ բանակին

2016թ. ապրիլյան պատերազմից հետո բացահայտված խայտառակ ձախողումների համար պաշտոնանկ արված զինվորականներից էր ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Երկու տարի անց սակայն նա նշանակվել է նոր պաշտոնի՝ Ռուսաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում ռազմական կցորդ:
Գեներալի վերադարձը կրկին սրում է հարցերը՝ կապված ապրիլյան պատերազմի օրերին տեղի ունեցած իրադարձությունների եւ ռազմա-քաղաքական ղեկավարների պահվածքի հետ:
Այն ժամանակ բանակում տեղի ունեցան պաշտոնանկություններ, եւ գերիշխող տեսակետն այն էր, որ դա կատարվում է իրավիճակը պարզապես լիցքաթափելու, սլաքներն իշխանությունից շեղելու համար: Ըստ էության, պաշտոնանկ արվածներն այդպես էլ չպատժվեցին, չնայած մարդկային ու տարածքային կորուստներին:
Գեներալն իսկապե՞ս թերացել էր, թե՞ քավության նոխազներից մեկն էր: Եթե թերացել էր, այն էլ հետախուզության ոլորտի ղեկավարը, ապա առաջին պատասխանատուն փաստացի նա էր, եւ պատերազմական օրենքներով հայտնի է, թե այդ պարագայում ինչ է լինում: Իսկ եթե չէր թերացել, կատարել էր իր աշխատանքը, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է անակնկալ եղել ադրբեջանական հարձակումը, որի մասին խոսում էին ռազմա-քաղաքական ղեկավարները:
Եթե նա նշանակվում է նոր պաշտոնի, նշանակում է՝ նա չի թերացել ապրիլյան պատերազմի նախօրեին, եւ այստեղ էլ հարցեր են առաջանում ռազմա-քաղաքական ղեկավարությանը:
Իհարկե, այս հարցադրումները տեղին են պատասխանատվություն ունեցող պետական իշխանության պարագայում, ինչը Հայաստանում գոյություն չունի: Սակայն, գեներալի վերադարձը ահազանգ է թե զինված ուժերին, թե հանրությանը:
Եվ խիստ հատկանշական է, որ Արշակ Կարապետյանը նոր պաշտոն է ստացել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը:
lragir.am