Search
Close this search box.

Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնել է ԱՀ նախագահի պաշտոնը

Այսօր Ազգային ժողովում կայացել է հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձմանը:

Պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը մեկնարկել է՝ ԱԺ դահլիճ բերելով Արցախի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և 17-րդ դարի Ավետարանը, որից հետո Նախագահ Բակո Սահակյանը երդում է տվել ժողովրդին. «Ստանձնելով ԱՀ նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Երդմնակալությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը, իսկ երդմնակալության արարողությանն օրհնության կարգ է կատարել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Շնորհակալություն հայտնելով հատուկ նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախը պատկանում է ոչ միայն արցախցիներին, այլ՝ համայն հայությանը, և ապագայում նույնպես ամեն ինչ արվելու է հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու համար։