Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ուժեղ քամին Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքն ամբողջովին պոկել և շպրտել է

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում Վերին Գետաշեն գյուղում ուժեղ քամու հետևանքով գյուղի դպրոցի տանիքի մեծ մասը պոկվել և թափվել է գետնին։

Բարեբախտաբար, այդ պահին երեխաներն ու ուսուցչական կոլեկտիվը եղել են դասի և ոչ ոք չի տուժել։ Վնասվել են գյուղի դպրոցի տնօրենի և զինղեկի ավտոմեքենաները։

Դպրոցի տնօրեն Վոլոդյա Գասպարյանն ասում էր. «Աշխատասենյակում նստած էի, երբ ուժեղ ձայն լսվեց։ Ինձ թվաց՝ երկրաշարժ է։ Միագամից դուրս եկա, որպեսզի տեսնեմ՝ հո մարդ չի՞ տուժել։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, սակայն դպրոցը կրել է խոշոր չափի նյութական վնաս։ Տանիքի 80 տոկոսը մի քանի վայրկյանում քամին պոկել և շպրտել է»։

Վնասվել են նաև պատուհաններ, համակարգչային սենյակը, որտեղ, բարեբախտբար, այդ պահին դասապրոցես չի եղել։ Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանը կատարվածի մասին արդեն տեղեկացրել է կառավարությանը և առաջիկայում ձեռնարկելու են անհրաժեշտ գործողություններ՝ խնդիրը կարճ ժամանակում լուծելու համար։

Այս պահին դպրոցում դասապրոցեսը ժամանակավորապես դադարեցվել է և 200 երեխաներին ուղարկել են տուն։