Կոտայքի մարզի Փյունիկի դպրոցի 40 աշակերտ արդեն երրորդ օրն է՝ դասադուլ են անում՝ չհաճախելով դպրոց: Այսպիսով, ծնողներն ու աշակերտներն իրենց բողոքն են հայտնում Կառավարության այս տարվա օգոստոսի 24-ի որոշմանը՝ որով Փյունիկ գյուղի դպրոցը միավորվել է մարզի Արտավազ գյուղի դպրոցին:
Փյունիկի դպրոցականները պետք է հաճախեն 3.5 կմ հեռավորության վրա գտնվող Արտավազի դպրոց: Այդ հեռավորությունը ձմռանը աշակերտների տեղափոխման հետ կապված լուրջ խնդիրներ կառաջացնի, քանի որ խիստ ձմեռ է լինում, իսկ համայնքների բնակիչների փոխանցմամբ ձմռան ամիսներին ճանապարհները օրերով փակ են լինում. «Ձմռանը կարող է մետրով ձյուն գա ու շաբաթով չմաքրվի»,-ասում են փյունիկցիները: 490 բնակիչ ունեցող Փյունիկում համոզված են, որ եթե որոշումը չվերանայվի, ապա իրենք կլքեն գյուղը. «ԿԳ նախարարը դպրոց փակելով մեզ դրդում է արտագաղթի»: ArmLife.am-ի հետ զրույցում գյուղապետ Ռեն Հովհաննիսյանն էլ ասաց, թե առայժմ չեն գտնում այն լուծումը, որը վերջ կդնի դասադուլին. «Կոտայքի մարզպետարանի կրթության բաժնի հետ այս պահին քննարկում ենք ու փորձում լուծում գտնել»,- ասաց գյուղապետը` խոստանալով ավելի ուշ պատասխանել հարցերին: Ի դեպ, Կոտայքի մարզպետարանի կրթության բաժինն էլ իր հերթին ֆեյսբուքյան էջում ծնողներին նախազգուշացրել է, որ երեխաների դպրոց չհաճախելու պատասխանատվությունը ծնողներն ու աշակերտներն են կրում. «Դպրոցը գործում է, ուսուցիչները աշխատանքի վայրում են, սեպտեմբերի 1-ից բոլոր բացակաները նշանակվում են: Հետևանքների համար միակ պատասխանատուն աշակերտն է, ով բացակաների թույլատրելի քանակը գերազանցելու դեպքում կմնա նույն դասարանում, իսկ իրավական հետևանքների պատասխանատուն ծնողն է»:
Փյունիկցիների վերջին հույսը մնացել են երկրի նախագահն ու վարչապետը: Նրանք նամակ են գրել Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին և սպասում են պատասխանի:
ArmLife.am