Search
Close this search box.

ԵՀՄՖ-ի նախագահություն. «Համախմբվենք և բոյկոտենք ՀՀ իշխանությունների նախաձեռնությունները»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը արձագանքում է «EU-ASIA Business Finance Center» հոլդինգի դիմումին` կապված Հայաստանում տնտեսության զարգացման և արդյունաբերության վերականգման ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Հոլդինգը, ինչպես հայտնի է, պատրաստել էր ֆինանսավորման մի հսկայական փաթեթ Հայաստանում քիմիական արդյունաբերության և տնտեսության վերականգման համար: Հոլդինգը այս գործի համար ներգրավել էր և Հայաստանի մասնագիտական խմբերին ու խոշոր մասնագետներին և ԵՄ-ի ու հարակից երկրների հայտնի ընկերություններին: Բացի քիմիական հսկա «Նաիրիտ» քիմկոմբինատի վերաթողարկումից, նախատեսված էր իրականացնել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը՝ ՀՀ-ն «Մետաքսե համաշխարհային ուղու» մեջ ներգրավելով, Հյուսիս- Հարավ մայրուղու կառուցման աշխատանքները, Իրան-ՀՀ-ԵՄ գազի արտահանումն ու այլ կենսական կարևոր ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում երկիրը կդառանար միջազգային բարձր վարկանիշ ունեցող պետություն:
Ծրագրի առաջին փուլը «Նաիրիտ» քիմկոմբինատի վերականգնումն էր, քանի որ հաշվված ամիսներ են մնում այդ արդյունաբերական հսկան մետաղի ջարդոնի վերածելու և թալանն ավարտելու պետական ծրագրի կատարման մեկնարկին: Կառավարությունը նախապես հայտնել էր «Նաիրիտ»-ի աշխատանքային խմբին, որ պատրաստ է բանակցել ներդողների հետ: Չնայած Հոլդինգը երկու անգամ Երևան ուղարկեց իր պատվիրակություններին, արդյունքը մնաց նախկինը. «Նաիրիտ»-ը վերականգնելուն դեմ է այսօրվա իշխանությունը: «Նաիրիտ»-ը չթողարկելու ՀՀ կառավարության պատճառաբանությունները կեղծ են ու անմիտ: Վարչապետ Կ.Կարապետյանի հայտարարությունները՝ Հոլդինգը չունի ծրագիր (պարզվեց, որ ինքը տեղյակ չէր հիանալի պատրաստված մասնագիտական բարձր մակարդակի ծրագրին), Հոլդինգը չի նախատեսել էներգակիրների 5-10 տարվա գնի փոփոխությունները (վարչապետի կողմից սա անտրամաբանական, բացառիկ անմիտ և անտեղյակ հայտարարություն էր՝ կատարված ԱԺ-ում) հերքվեցին մասնագետների կողմից և որակվեցին որպես ոչ կոմպետենտ կարծիք:
Վերջում կառավարության ներկայացուցիչը, մերժելով իր հաշվին աուդիտ կատարելու Հոլդինգի առաջարկը, ներկայացնում է զավեշտալի պատճառաբանություն՝ նշելով, որ «Հոլդինգի գրանցման հասցեն չի համընկնում նրա փոստային հասցեի հետ», և կամ «Հոլդինգի ֆինանսական աուդիտը բավարար չէ» (չնայած Հոլդինգը ներկայացրել է իր ներդրողների ֆին. հաշվեկշիռները, որոնք տասնապատիկ գերազանցել են ներդրման համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալները), ինչպես նաև այլ մտացածին և անհիմն փաստարկներ:

ԵՀՄՖ-ի նախագահությունը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, հայտարարում է, որ ՀՀ կառավարության այսօրվա քայլերը հաստատում են, որ երկրում ստեղծված կոռուպցիայի ու համատարած թալանի պայմաններում երկրի փրկության համար խիստ անհրաժեշտ ներդրումներ կատարելն անհարին է:
«Նաիրիտ» ՔԿ-ի վերականգման խնդիրը դեռևս արդիական է, սակայն իշխանության ղեկավարների կողմից իրականացված մի քանի միլիոն դոլարի գողության փաստը թաքցնելու ցանկությունը բացառում է, որ կոմբինատը կվերաբացվի:
Հայաստանում լուրջ ներդրումներ չիրականացնելու դեպքում երկիրը կորցնում է իր երբեմնի հզոր արտադրությունները և դառնում տարածաշրջանի ամենաթույլ ու ապագա չունեցող պետությունը՝ դառնալով կցորդ այլ երկրներին:
Հաշվի առնելով տարածաշրջանում լարված ռազմաքաղաքական վիճակը՝ ԵՀՄՖ-ն փաստում է անվտանգության երաշխիքների բացառիկ բացակայությունը երկրում: Չկա անկախություն և չկա անվտանգություն առանց հզոր արդյունաբերության և տնտեսության:
ԵՀՄՖի նախագահությունը դիմում է ողջ արտերկրի հայությանը կոչով. համախմբվենք և բոյկոտենք ՀՀ իշխանությունների, Սփյուռքի նախարարության և նրանց արբանյակ սփյուռքի գործիչների նախաձեռնությունները՝ կապված արտերկրի հայությանը երկիրը պահող «բանկոմատ» օգտագործելու հետ:
Ներդրողներին վանելու արդյունքում բոլոր գործարարները փախան երկրից, քանի որ համոզվեցին, որ առանց սեփական շահի ոչ մի նախարար կամ պաշտոնյա ոչ մի քայլ չի կատարում: Այդ նկրտումները կոտրեցին սփյուռքահայության հավատը երկրի նկատմամբ, և առաջին անգամ սեպ խրվեց հայության մեջ:
Բոյկոտենք երկիրը թալանելու համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք նպաստում են իշխանավորների կողմից կոռուպցիան զարգացնելուն:
Հարկավոր է ստիպել երկրի նախագահին հրաժարվել իրականացվող կեղծ արժեքների գովաբանման պրակտիկայից և երկիրը կործանող հռետորաբանությունից, ու կասեցնել մեր երկիրը վերջնական կործանելու քայլերը:
Դիմում ենք ՀՀ և արտերկրում գործող բոլոր հասարակական և քաղաքական կազմակերպություններին ու գործիչներին՝ հորդորելով պահանջելու պատասխան երկրի նախագահից տնտեսության մեջ թալանը զարգացնելու և կոռուպցիան անսահման մեծ ծավալների հասցնելու հարցում: Առանց այս խնդիրների բարձրացման և լուծման, անհնարին է իրականցնել ներդրումներ Հայաստանում, վարել երկրի տնտեսության վերականգման աշխատանքները և ապահովել երկրի անվտանգությունը:

ԵՀՄՖ նախագահություն
04.09.2017
Բրատիսլավա, Սլովակիա