Search
Close this search box.

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվել են ավտոմեքենաներով

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Մաքսիմ Մանուկյանի և Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերն անմիջապես մրցավայրում դիտելուց հետո մոսկվաբնակ հայ գործարար և սպորտի բարեկամ Էդգար Արամյանը որոշել է պարգևատրել հայ մարզիկներին:

ՀԱՕԿ-ի տեղեկացմամբ՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ Արամյանը մեքենաներ է նվիրել աշխարհի չեմպիոններին. «Ես շատ հուզված եմ և էմոցիաներով լի: Տղաների գոտեմարտերի ընթացքում մարզադահլիճում էի: Այնքան եմ երկրպագել, գոռացել նրանց անունները, որ նույնիսկ ձայնս դեռ չի վերականգնվել: Սպորտի նկատմամբ շատ ուշադիր եմ, հատկապես հայ մարզիկների մրցելույթների: Նրանց ցանկացած հաղթանակ նաև իմն է:Հերթական անգամ Հայաստանը փայլուն արդյունքներ ցույց տվեց: Ես հիացած եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել Արթուրին և Մաքսիմին: Վրաստանից երեկ եմ եկել: Այնտեղ խնդրեցին տղաներին փոխանցել հիացմունքի խոսքեր և, որ նրանց նմանները ծնվում են հարյուր տարին մեկ անգամ:Կցանկանամ, որ չեմպիոնական այս գեղեցիկ ավանդույթները շարունակվեն, տոնենք նաև մյուս հայ մարզիկների հաղթանակները: Ես կլինեմ նրանց կողքին ոչ թե խոսքով, այլ գործով: Ինչպես ասում են՝ թանկ է վերաբերմունքը, ոչ թե նվերը»,- ասել է Էդգար Արամյանը:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը ողջունել է գործարարի քայլը և շնորհակալություն հայտնել պարգևների համար՝ առաջին հերթին կարևորելով Էդգար Արամյանի վերաբերմունքը.«Ես շատ ուրախացա այս իրադարձության համար, տղաներն իսկապես արժանի են պարգևատրման: Լավագույն զգացողություններից է՝ գնահատված լինելը: Հաճելի է, որ Էդգար Արամյանի նման մարդիկ են ցանկանում օժանդակել մեր մարզիկներին: Մեր երկրին անհրաժեշտ են նմանատիպ հաղթանակներ:Այս միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի է դառնում, իսկ մենք հպարտորեն ենք քայլում աշխարհով: Մարզաշխարհն այն եզակի ոլորտներից է, որտեղ ամեն ինչը չափելի է: Մեր երկու չեմպիոնները ցնցեցին աշխարհը»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Աշխարհի չեմպիոնները նույնպես շնորհակալություն են հայտնել գործարարին՝ իրենց և սպորտի նկատմամբ ուշադրության համար: