Search
Close this search box.

Ս. Սաֆարյան «Հայաստանը կարող է լինել իրանական սպառազինության պոտենցիալ գնորդ»

Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է զենք մատակարարել դաշնակից պետություններին՝ տարածաշրջանային անվտանգության ու պատերազմների կանխման նպատակով:

Փորձագետ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը  ArmLife.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ Իրանն այս հայտարարությունն արել է Հայաստանին առաջինը նկատի ունենալով.«Դատելով Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմատեխնիկական համագործակցության մակարդակից՝ ենթադրում եմ, որ Իրանը տարածաշրջանի երկրներին ակնարկ է արել: Իրանը դրական չի վերաբերվում տարածաշրջանի ռազմաքաղաքական հարցերում  Իսրայելի մասնակցությանը, թեկուզ և՝ սպառազինությունների մատակարարման առումով: Բավականին շատ են եղել տեղեկություններ, որ Ադրբեջանն իր տարածքը տրամադրել է Իսրայելին նույնիսկ հետախոզության նպատակով»,-նշեց Ս. Սաֆարյանն՝ ընդգծելով, որ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների ֆոնին, Հայաստանը կարող է դիտարկվել պոտենցիալ երկիր իրանական սպառազինության ձեռք բերման համար: «Վերջին շրջանում, ես կարծում եմ, հենց դրա պատճառով է , որ Իսրայելում լուրջ անհանգստություններ կան: Գիտակցելով, որ Հայաստանի հետ հարաբերություններն արդեն  ռուբիկոններ են անցնում, փորձեց իր դեմքն ինչ-որ ձևով պահպանել՝ հետաքննություն իրականացնելով իսրայելական դրոնների հետ կապված պատմության վերաբերյալ և լիցենզիայից զրկեց նաև այն կազմակերպությանը, որը, փաստացի, խախտել էր էթիկայի և իրավական պահանջների նորմեր՝ փորձարկումներ կատարելով հայկական դիրքերի ուղղությամբ»: Քաղաքագետի գնահատմամբ՝ այսօր տարածաշրջանում լուրջ գործընթացներ են տեղի ունենում՝ մի կողմից Իսրայելը խորացրել է իր համագործակցությունն Ադրբեջանի հետ, մյուս կողմից նա գիտակցում է, որ Իրանը կհակակշռի այն՝ սպառազինությունների մատակարարմամբ:

Ս. Սաֆարյանի կարծիքով՝ իրանական սպառազինության ձեռք բերման ճանապարհին, Հայաստանը կունենա նաև ռուսական գործոնի խնդիրը. «Ռուսաստանի համար ռազմարդյունաբերությունը, այն էլ այս սանկցիաների պայմաններում, խոշոր եկամուտ ստանալու ուղիներից մեկն է, բնականաբար, Ռուսաստանն ուրախ չի լինի, եթե իր պոտենցիալ գնորդներից մեկն այդ շուկայում վերակողմնորոշվի Իրան:  Ռիսկերը կարելի է հաղթահարել Հայաստանի համար, որովհետև ռուսական  սպառազինությունները, որոնք Հայաստանը ձեռք է բերում, երբևէ իրենց անալոգները չունեն, և Հայաստանը դրանք այլ երկրներից ձեռք բերել չի կարող: Թերևս, խոսքը կվերաբերի շատ ավելի ցածր կարգի սպառազինություններ ձեռք բերելուն»,-նշեց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ այս տարիների ընթացքում Հայաստանը տարբեր երկրներից՝ այդ թվում  Չինաստանից, ձեռք է բերում սպառազինություն, որքան էլ որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի սպառազինության թիվ մեկ մատակարարը:

Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերությունների առևտրատնտեսական կապերի ներկա մակարդակին, ապա Ս. Սաֆարյանը հիշեցնում է՝ այս տարիների ընթացքում փորձագետները բազմիցս ահազանգել են, որ այն չի համապատասխանում կողմերի ունեցած հնարավորություններին. «Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, չունենք լարվածության օջախներ Իրանի հետ, բայց և երկու կողմերից այդ պոտենցիալը լիովին օգտագործված չէ: Ցավալիորեն, հայ-իրանական առևտրատնտասական հարաբերությունները՝ իրենց ծավալով և մակարդակով, զիջում են անգամ իրան-ադրբեջան հարաբերություններին»,-ամփոփեց Ս. Սաֆարյանը:

ArmLife.am