Search
Close this search box.

Միջնորդները, հայկական լեզվով ասած՝ գլուխները չեն ուզում շառի տակ դնել, շառից-փորձանքից հեռու. Արա Պապյան

-Պարոն Պապյան, գնահատելով  Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիում, ԵԱՀԿ Մինսկի մոնիթորինգի խմբի ուղղությամբ, հակառակորդի կողմից հնչող կրակոցները՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հստակ չէր նշել, թե կրակոցները որ կողմից էին: Մինչդեռ,  ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ հակառակորդը կրակ է բացել դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ուղղությամբ: Արդյո՞ք Կասպրսչիկն՝ իր այս տեսակետով, կասկածի տակ չի դնում ՀՀ ՊՆ հայտարարությունը:

-Չեմ կարծում, որ կասկածի տակ է դնում: Պարզապես, տարբեր դիտակետներից են նայում հարցին: Այսինքն՝ մեր նախարարությունը, քանի որ վստահ է, որ ինքը չի կրակել՝ ասում է, որ հակառակորդն է կրակել, որովհետև այլ տարբերակ չկա, իսկ Կասպրչիկը՝ լինելով միջնորդ, պիտի բացարձակապես համոզված լինի , թե որ կողմից են կրակում:  Ինքն ասում էր, որ մենք չկարողացանք որոշել՝ կրակոցները որտեղից են: Պիտի հասկանանք, որ միջնորդները չեն ուզում փչացնել հարաբերություններն որևէ կողմի հետ՝ իրենց առաքելությունը շարունակելու համար: Սա առաջին դեպքը չէ ցավոք սրտի, երբ որ միջնորդներն իրենց առաքելության պահպանումն ավելի բարձր են դասում, քան առաքելության բուն նպատակը:

Հայաստանը կարող էր կրկնել  իր դիրքորոշումը՝  վստահ լինելով,  որ կողմերից մեկը կրակել է  և դա հայկական կողմը չէ՝ պնդելով, որ կրակ բաց է թողել ադրբեջանական կողմը: Կարող էր հայակական կողմը 2-րդ անգամ հայտարարեր: Գուցե և պետք է ավելի հետևողական լինել, բայց, նորից եմ կրկնում, միայն հայկական կողմի հայտարարությունը բավարար չէ միջնորդներին՝ սեփական հայտարարություն անելու համար: Ի՞նչ կա զարմանալու, անգամ այն պարագայում, երբ որ ավելի վստահելի իրավիճակ է եզրակացություններ անելու համար, օրինակի՝ ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվում է հայկական դիրքերի վրա,  զոհեր տալով նահանջում է, և դիակները հայկական խրամատների մոտ են: Ակնհայտ է փաստը, որ մարդու դիկան հայտնվել է, որովհետև ադրբեջանցի զինվորն է եկել, ոչ թե հայկական խրամատը  տեղափոխվել: Անգամ այդ պարագայում  մենք տեսնում ենք, որ կողմերին զսպվածության կոչ են անում: Ցավոք սրտի, դա այսպես կոչված միջնորդների ոճն է՝ չփչացնել հարաբերություններն  որևէ մի կողմի հետ և շարունակել դիտորդությունը:

 

-Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը  ճիշտ չի գտնում մեղադրել Կասպրչիկին, քանի որ նրանք  միջնորդ են և պետք է չեզոք դիրքերում մնալ: Սա մեղմ գնահատական չէ՞:

-Չեզոքը լավ բառ է օգտագործել՝ իր բնույթով, էությամբ: Ես ավելի շատ կասեի , որ միջնորդները, հայկական լեզվով ասած՝ գլուխները չեն ուզում շառի տակ դնել, շառից-փորձանքից հեռու:

Չեզոք հայտարարություն անելուց հետո հեշտ է շարունակել դիտորդական առաքելությունը: Դատապարտել որևէ կողմին՝ խնդիրներ է առաջացնելու, որը միջնորդները չեն ուզում, հատկապես համոզված լինելով, որ հայակական կողմը շատ հանգիստ է տանելու, այսպես ասած, չեզոքությունը, իսկ դատապարտող հայտարարություն  Ադրբեջանի վերաբերյալ՝ Ադրբեջանը կարող է նոր հիստերիկ շարջումներ անել, որը լավ չի: Ի վերջո, կյանքում էլ է այդպես, դիտողություն են անում նրանց, ովքեր հասկանում են այդ դիտողությունը: Ով դիտողությունը չի հասկանում՝ դադարում են այլևս դիտողություն անել:

-Պարոն Պապյան, ինչպիսի՞ն է Ձեր անձնական  կարծիքն, առհասարակ, միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ կառույցի վերաբերյալ:

-Այսպես պետք է մոտենանք հարցին, եթե միջնորդները չլինեն, ի՞նչ պիտի լինի: Որևէ բան չէր լինի, ընդհանրապես՝ ամեն-ինչ կմահանար: Միջնորդները, գոնե, պատրանք են ստեղծում, որ փորձ է արվում՝ խաղաղ լուծում գտնելու: Փորձ-պատրանք են ստեղծում, որովհետև միջնորդնեը չեն կարող լուծում գտնել, դա իրենց ձեռքում չի, այլ հակամարտության կողմերը պիտի համաձայնության գան ՝ միջնորդների օգնությամբ: Բայց հակամարտող կողմերը չեն կարող համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանն  այնպիսի դիրքորոշում ունի, որ անհամատեղելի է իրավիճակի հետ: Միջնորդերը իրենց գործն են անում, բայց մեծ հույսեր պետք չի կապել նրանց հետ:

ArmLife.am