Search
Close this search box.

Քոլեջի տնօրենը ամբաստանյալի աթոռին` ուսանողների կրթաթոշակները յուրացնելու համար

Ավարտվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Դիլիջանի պետական քոլեջի տնօրենի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
ՀՀ կրթության և գիտության նախարարության Դիլիջանի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ղեկավարելով քոլեջի կրթական, գիտական, արտադրական, ֆինանսական գործունեությունը, նույն քոլեջի հաշվապահից պահանջել և ստացել է 2014թ. հունիս ամսվա ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակները և միջին մասնագիտական բաժնի 68 ուսանողների կրթաթոշակների ընդհանուր 323.000 և արհեստագործական բաժնի 17 ուսանողների ընդհանուր 79.050 դրամ գումարը, որից ընդամենը երկու ուսանողի տալով կրթաթոշակ՝ ընդհանուր 9500 դրամի չափով, մնացած 392.550 դրամը, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, չի վճարել որևէ ուսանողի՝ այդ կերպ յուրացնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված զգալի չափերով՝ ընդհանուր 392.550 դրամը:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը, չարաշահելով իր դիրքը, քոլեջի գանձապահին հանձնարարել է ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակներում ուսանողների անունների դիմաց նրանց կողմից կրթաթոշակ ստացած լինելու փաստը հաստատված լինելու համար դնել կեղծ ստորագրություններ, ինչը գանձապահը կատարել է։ Արդյունքում՝ յուրացրել է 4 ուսաանողների ամսական 4750 դրամ կրթաթոշակը՝ պետությանը պատճառելով զգալի չափերի, ընդհանուր՝ 76.000 դրամի վնաս։