Search
Close this search box.

Աշոտյանը կոչ է անում Իսրայելին բացահայտել անօդաչուների հետ կապված միջադեպը

«ԱԹՍ-ների պատմությունը լավ առիթ է Իսրայելի համար՝ ցույց տալու իրենց վերաբերմունքի անկեղծ լինելը Հայաստանի հանդեպ։ Արցախում անօդաչուների հարվածների հետ կապված սկանդալը սպառնում է Իսրայելի հեղինակությանը»,-լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` հավելելով, որ Իսրայելը պետք է հետևողական լինի Արցախում ԱԹՍ-ների հարվածների հետ կապված միջադեպի բացահայտման հարցում։
«Եթե «Մաարիվ» թերթի բացահայտումն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, ապա իսրայելական կողմի պարտավորությունն է հումանիտար և միջազգային իրավունքի տեսակետից հետևողականորեն բացահայտել այս միջադեպը մինչև վերջ։ Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից աշխատանքները դրական են ընկալվում, բայց մենք կարծում ենք, որ կարիք կա այս միջադեպի հիման վրա ամբողջական բացահայտումներ անել»,- նշեց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացումը հաշվի առնելով՝ բարձրաստիճան այրերի փոխադարձ այցելությունները, սեպտեմբերին նախատեսված հայ-իսրայելական հասարակական ֆորումի հերթական նիստը Երևանում,  հուսադրող են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար։