Search
Close this search box.

«Հժ». Ամանորին ընդառաջ. Լայն սպառման ապրանքներն օր օրի թանկանում են

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում վաճառվող առաջին սպառման ապրանքներն օր օրի թանկանում են, իսկ պատկան մարմինները փորձում են գիտահետազոտական վերլուծություններ անել թանկացման պատճառների վերաբերյալ: «Հայկական ժամանակ»-ն այսօր հերթական դիտարկումն իրականացրեց Երևանի փոքր կենտրոնում, որի արդյունքներն այդքան էլ հաճելի չեն:

Վերջին անգամ ծավալուն դիտարկում իրականացրել էինք նոյեմբերի 7-ին և մեր համեմատությունը ներկայացնում ենք այդ օրվա և այսօրվա գների համադրմամբ:

Կարագի 1 կիլոգրամի գինը շարունակվում է տատանվել: Եթե «Անքոր» տեսակի կարագի 1 կիլոգրամը նախորդ ամիս արձանագրել էինք 4450 դրամ, ապա այսօր այն դարձել է 4510 դրամ: Կարագի այդ տեսակը թանկացել է 60 դրամով: Նույնը չենք կարող ասել «Նորզելանդական» տեսակի կարագի մասին, քանի որ նախորդ ամսվա 4490 դրամ գինն այսօր դարձել է 4430 դրամ: «Նորզելանդական» տեսակի կարագն էժանացել է 60 դրամով:

Թանկացել է նաև թթվասերը: Եթե նախորդ ամիս «Աշտարակ կաթ» և «Մարիաննա» տեսակի 400 գրամ ծավալով թթվասերը վաճառվում էր 470-ից 500 դրամով, ապա այսօր երկու տեսակն էլ 500 դրամով էր վաճառքի դրված:

Հնդկական ընկույզը մոտենում է իր գնի գագաթնակետին: «Երևան սիթի» սուպերմարկետում ընկույզի այդ տեսակի գինը հասել է մեկ կիլոգրամը 12 հազար դրամ սահմանագծին, մինչդեռ փոքր մթերային խանութներում նույն տեսակի ընկույզ կարելի է հանդիպել 7900 դրամով: Սովորական ընկույզի գինն էլ հասել է 8 հազար դրամի: Ընկույզի միջուկ լավագույն դեպքում կարելի է գնել 6500 դրամից սկսած, իսկ հատընտիր ընկույզը՝ 8000 դրամից ոչ պակաս:

Մսամթերքի գինը ետ չի մնում մյուս ապրանքատեսակներից: Մեկ կիլոգրամ տավարի ֆիլեն դարձել է 3550 դրամ, մինչդեռ մեկ ամիս առաջ այն կարելի էր գնել 3350 դրամով: Լանգետի համար նախատեսված ֆիլեն այսօր վաճառվում էր 4260 դրամով: Խոզի չալաղաջը էժանացել է: Նախկին 3700 դրամի փոխարեն խոզի մսի այդ տեսակն այսօր վաճառվում էր 3200 դրամով:

Մրգի և բանջարեղենի գների էական տարբերություն չկա: Թանկացել է համեմ տեսակի կանաչին: Եթե նախորդ ամիս այն վաճառվում էր 90 դրամով, ապա այսօր դարձել է 130 դրամ: Թանկացել է նաև բանանը: Նախորդ ամիս 630 դրամով վաճառվող բանան այսօր դարձել է 665 դրամ: Լոլիկն ու վարունգը նույնպես թանկացել են: Լոլիկի դեպքում թանկացումը 50 դրամ է, իսկ վարունգի պարագայում՝ հսկայական: Վարունգն այսօր վաճառվում էր 720/1կգ գնով, իսկ լոլիկը՝ 750դրամ/1կգ: Նշենք, որ լոլիկն ու վարունգը նախորդ ամիս հետևյալ գներն ունեին. առաջինի դեպքում 700 դրամ, իսկ երկրորդի դեպքում՝ սկսած 370 դրամից:

Էժանացել է ձուն: 1 հատ ձուն կարելի է գնել 62 դրամով, մինչդեռ նախորդ շաբաթ ձուն հասել էր 90 դրամի սահմանագծին»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: