Search
Close this search box.

Վերանայել պետպատվերի չափանիշները. վարչապետի հանձնարարականը առողջապահության նախարարին

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց պետական պատվերի տեղաբաշխման իրավապաշտպան մեխանիզմների վերանայման վերաբերյալ: Վարչապետի խոսքով` առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման իրավապաշտպան մեխանիզմների վերանայումը` ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները:

Վարչապետը հանձնարարեց առողջապահության նախարարին բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով, 3-ամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին։

Ինչպես նաև, պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017 թվականից ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները: Եվ վերջինը` 3-շաբաթյա ժամկետում՝ կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն, հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն։