Search
Close this search box.

Հաց արտադրողները սպառնում են թանկացմամբ

2017թ. հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընդունված՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձևը և տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչև 2020 թվականը, տրվելու է մեկ տարի ժամկետով և անվճար:Հաց արտադրող ընկերությունների ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շենքի մոտ: Նրանք բողոքում են ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի որոշման դեմ, ըստ որի՝ հաց, հացամթերք և միս տեղափոխող մեքենաները սեպտեմբերի մեկից պետք է պարտադիր սանիտարական անձնագիր ունենան: Իսկ եթե այս պահանջը չկատարվի, մինչև 300 հազար դրամի տուգանք կսահմանվի:
Հաց արտադրողներն ասում են, որ մեկ մեքենան կահավորելու համար մեծ ծախսեր պետք է անեն, հիմա պատրաստ չեն դրան:
ՍԱՊԾ-ում նրանց խնդիրները լսեցին ու պարզաբանումներ տրվեցին: Արտադրողները խնդրում են այս որոշման կատարման ժամկետը հետաձգել ու իրենց էժան տարբերակներ առաջարկել:
«Ժամանակ ենք խնդրում, էդքան բան: Իսկ եթե սեպտեմբերի 1-ից մեզ տուգանեն, ոչ մի տուգանք չեն վճարելու, թող դատարանները լցվեն տուգանքով: Ոչ ծեծ կլինի, ոչ կռիվ, թող դատարանը որոշի ով ա մեղավոր»,- բողոքում էին հաց արտադրողները:
Նշենք, որ հացի ու հացամթերքի, մսամթերքի տեղափոխությունը տարիներ շարունակ գրեթե անվերահսկելի գործընթաց է, այն տեղափոխում են ցանկացած մեքենայով՝ առանց հաշվի առնելու սանիտարական նորմերը:
Հաց արտադրողներն արդեն հայտարարել են, որ եթե սեպտեմբերից այս նոր պահանջն ուժի մեջ մտնի, հացամթերքի թանկացում է սպասվում: