Search
Close this search box.

Հայաստանին սպառնացող վտանգը

ՈՒսումնական տարվա մեկնարկից առաջ բառիս բուն իմաստով շիլա-շփոթ է ստեղծվել հեռավոր ու սահմանամերձ գյուղերում : ԿԳ նախարարի որոշմամբ դպրոցներ են օպտիմալացվում, որը թերևս ամենավտանգավոր գործընթացներց մեկն է: Չանտեսելով Խորհրդային միության հանցավոր կողմերը, իրավունք չունենք չխոստովանելու, որ պատերազմից հետո խորհրդայնականները երկիրն ոտքի կանգնեցնելու համար առաջին հերթին զարկ տվեցին կրթությանն ու գիտությանը : Հայաստանում ամեն օր կրթությունն ու գիտությանը իրենց տեղը զիջում են ռեստորանամոլությանն ու հյուրանոցամոլությանն: Անգամ կրթության նախկին ու ներկայիս թիվ մեկ պատասխանատուին` Լևոն Մկրտչյանին հյուրանոցամոլությունը չշրջանցեց: Ճիշտ ժամանակին Լենինգրադյան փողոցում բացվեց նրանց ընտանիքին պատկանող «ՎԱԼԵՄ ՊԼԱԶԱ» համալիրը: ՈՒ հիմա այդ համալիրի բիզնեսին տիրապետող նախարարն ասում է, որ հանրապետության դպրոցների օպտիմալացման շնորհիվ հաստատությունները զարգացման ավելի համալիր ծրագիր կունենան: Իրականում ծրագիրը համալիր կլինի այնքանով, որ ևս մի քանի կիսադատարկ գյուղ պարզապես համալիր կերպով կդատարկվի,նորից զարկ կտրվի գործազրկությանը, մարդիկ նորից արտագաղթի ճանապարհը կբռնեն, և իշխանության կողմից ժողովրդագրական թվի շուրջ «մտահոգությունը» կվերածվի մի նոր խնջույքի, քանի որ ներքին հեղափոխականն ու հեղափոխությունը սպառվում են: Ժամանակին երբ այս իշխանության վարչապետերից` Տիգրան Սարգսյանն ասում էր, թե արտագաղթը չեն կանգնեցնում, որպեսզի այդ մարդիկ «չմնան ու հեղափոխություն չանեն», այդ ասվածի գործողությունն ամեն օր մի նոր որոշման տեսքով հրամցվում է մեզ: Ահա թե ինչու իշխանության կողմից զուգահեռաբար դրվեց դպրոցների ու համայնքների խոշորացումը` թե քաղաքական, թե հեղափոխական հնարքով: Քաղաքական տեսանկյունից` նախ դպրոցներն ու խոշորացումը կերտրոնացվում են այն համայնքներում, որոնցում գործող իշխանությունն ընտրություններին առանց ավելորդ ջանքերի է ստանում իր ուզած թիվը, իսկ մնացած համայնքների ու դպրոցների հետ կատարվող խոշորացման ու օպտիմալացման ամեն քայլ տեղավորվում է մեկ տրամաբանության մեջ` որքան դժվար դառնա կյանքը համայնքներում, այնքան հեշտ կլինի դատարկել ու փակել այդ գյուղերը, մինչև որ հերթը կհասնի ավելի մեծ համայնքներին: Սա, թերևս, Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգն է:
Armlife.am